(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՊԱՏԿԵՐԻ ՊՈԵԶԻԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Վերջերս Մատենադարանում կայացավ «Պատկերի պոեզիան» խորագրով հայ-իրանական գիտաժողովը, որը նվիրված էր իրանահայ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին: Անդրե Սևրուգյանը հիմնականում ստեղծագործել է հին պարսկական գեղանկարչության և մանրանկարչության ոճով, սակայն նրա ստեղծագործություններում իր ուրույն տեղն ունի հայկական թեմատիկան: Արվեստագետը սերտորեն կապված է եղել հայ ժողովրդի ու նրա պատմական անցյալի հետ: Նկարիչը կարողացել է վարպետորեն  արտահայտել Սայաթ-Նովայի խաղերի մեջ նկարագրվող դիպվածներն ու ապրումները և բանաստեղծի՝ պաշտամունքի հասնող սերն ու տառապանքը:

​​Հայ-իրանական ժողովուրդների պատմական ու գրական առնչությունների, անցյալի ընդհանրությունների ու մշակութային երկխոսության լավագույն օրինակների շուրջ ներկայացվեցին մեկ տասնյակից ավելի թեմատիկ զեկուցումներ: Մի շարք արժեքավոր զեկուցումներ ներկայացրին հայ և իրանցի բանախոսներ՝ Մատենադարանից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային, Իրանի Ֆարհանգյան, Իմամ Խոմեյնիի անվան միջազգային, Թեհրանի, Հունգարիայի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ, Չինաստանի Սոչժոուի համալսարաններից: Գիտաժողովին մասնակցում էր ՃՇՀԱՀ Արտաքին կապերի վարչության խորհրդական, Ճարտարապետական նախագծման և միջավայրի դիզայնի ամբիոնի ասիստենտ Արմեն Մինասյանը: Պարոն Մինասյանը հանդես է եկել «Իրանի ժամանակակից ճարտարապետության փոխակերպումը և հայ ճարտարապետների առանցքային դերը» թեմայով զեկուցումով:

Գիտաժողովի ավարտին մասնակիցները շրջայց կատարեցին Մատենադարանի թանգարանում, ծանոթացան հայերեն և օտարալեզու ձեռագրերին, մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

29.03.24