Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվիրակությունը մասնակցեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կայացած «Զարգացող երկրների շինարարական տարածքներում ճարտարագիտության, գնումների և շինարարության (EPC) նախագծերի գործընթացի ինժեներական խորհրդատվության կառավարում» խորագրով միջազգային սեմինարների շարքին: Պատվիրակության կազմում էին Շինարարության, Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետների դասախոսներ` Սաթենիկ Հայրապետյանը, Մարիամ Խաչատրյանը, Արման Մարգարյանը:
Սեմինարը անցկացվեց Չինաստանի Միջազգային բիզնեսի պաշտոնյաների ակադեմիայի (AIBO), Չինաստանի Առևտրի նախարարության կողմից: Միջոցառմանը մեր համալսարանի պատվիրակության մասնակցությանը գործուն աջակցություն ցուցաբերեց ՀՀ-ում ՉԺՀ դեսպանությունը:
Միջազգային սեմինարին ներկա էին նաև Շրի Լանկայի, Մոլդովայի, Նեպալի, Բրունեյի, Թայլանդի, Իրաքի ոլորտային պետական կառույցների, մասնավոր շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Չինաստանում անցկացված սեմինարի նպատակն էր օգնել զարգացող երկրների բուհերին և կազմակերպություններին՝ վերապատրաստել շինարարության ոլորտում ինժեներական խորհրդատուներին և նախագծերի կառավարման մասնագետներին: Մասնակիցներին ներկայացվեց EPC (ճարտարագիտություն, գնումների գործընթաց, շինարարություն) շինարարական նախագծերի ամբողջ գործընթացի ինժեներական կառավարման ծրագրային փաթեթը, որի շնորհիվ հնարավոր է ամբողջությամբ կառավարել շինարարության գործընթացը, բարձրացնել դրա արտադրողականությունը: Առանձին ուշադրություն է դարձվել նախագծային փուլում արհեստական բանականության, BIM համակարգերի, «Խելացի քաղաքի» գաղափարի կիրառմանը:
Գործուղման արդյունքների ներկայացմանն ու ամփոփմանը ներկա էին ՃՇՀԱՀ միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը, Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան Մարինե Գրիգորյանը, ամբիոնների վարիչները, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողներ:
Քննարկումների արդյունքում ներկաների կողմից բարձր գնահատվեց համալսարանի ներկայացուցիչների գործուղման արդյունքների մասին զեկուցումը: Առաջարկվեց ամփոփել ստացված գիտելիքներն ու փորձը, և դիտարկել դրա կիրառումը մեր համալսարանում դասավանդման ժամանակ, ինչպես նաև ՀՀ-ում տեղայնացնելու հնարավորությունները: