2021 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Պետերբուրգի Ալեքսանդր I Կայսեր անվան հաղորդակցության ուղիների պետական համալսարանի հիմնադրման 212-ամյակի օրը տեղի ունեցավ Բետանկուրյան III միջազգային ինժեներական ֆորումի բացումը։
ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գառնիկ Ստեփանյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցեցին Բետանկուրյան III միջազգային ինժեներական համաժողովի՝ «Ինժեներական կրթությունը տնտեսագիտության մեջ 4.0. միտումներ և հեռանկարներ» պլենար նիստին։
Ռեկտոր Ե․ Վարդանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, որում մասնավորապես նշեց՝ «Նման հեղինակավոր համաժողովի մասնակցության հրավերը վկայում է մեր համալսարանների միջև ձևավորված սերտ համագործակցության մասին։ Հարգելի գործընկերներ, ինժեներական կրթությունը մեր օրերում ենթադրում է՝ խորը ֆունդամենտալ գիտելիքների առկայություն, ժամանակակից տեխնոլոգիաների և նորարական մոտեցումների կիրառում, տնտեսական վերլուծության մեթոդանաբության տիրապետում, ձեռնարկությունների կառավարման հմտություններ և այլն։ Վստահ եմ, որ Բետանկուրյան III միջազգային ինժեներական համաժողովի ընթացքում հնարավորություն կընձեռվի հետագա համագործակցության «ճանապարհային քարտեզի» մշակման ուղղությամբ առարկայական քննարկումների իրականացմանը»։
Նիստի ընթացքում ռեկտոր Ե․ Վարդանյանը հանդես եկավ «Տնտեսագիտական բաղադրիչը ՃՇՀԱՀ ինժեներական կրթությունում» խորագրով զեկույցով։
«Մեծապես կարևորում ենք միջազգային գործունեության զարգացումը՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափով, ասյպիսով՝ 2018 թվականից ՃՇՀԱՀ-ում գործում է Նորարարության և ձեռներեցության աջակցության կենտրոնը, որի նպատակն է՝ տեղեկատվական հարթակի ստեղծումը, ինչպես նաև կլոր սեղանների և վեբինարների կազմակերպումը, համալսարանի ուսանողների և շրջանավարտների ստեղծած լավագույն ստարտափ նախագծերի մրցույթների անցկացումը, ակտիվ աշխատանքներ են տարվում «Նախագծերի կառավարում» և «Նախագծերի կառավարում շինարարարության ոլորտում» ինժեներական մասնագիտությունների ուսանողների վերապատրաստման ուղղությամբ, ուսումնական ծրագրերում լայնորեն ներդրվում են տրանսպորտի ոլորտի կրթության, շենքերի և շինությունների տեղեկատվական մոդելավորման (BIM) համատեղ ծրագրեր, ակտիվ աշխատանք է տարվում ուսանողության և պրոֆեսորադասախոսական անձնակազմի շարժունության միջազգային դրամաշնորհային նախագրերում և ծրագրերում ընդգրկվելու ուղղությամբ»,- նշել է Ե․Վարդանյանը։
Նշենք, որ սույն թվականի հունիսին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և Պետերբուրգի Ալեքսանդր I կայսեր անվան հաղորդակցության ուղիների պետական համալսարանը համագործակցության համաձայնագիր էին կնքել՝ «Գիտության և կրթության ոլորտներում համագործակցության մասին»։ Բետանկուրյան III միջազգային ինժեներական ֆորումը կարևոր միջոցառում է համագործակցությունն ավելի զարգացնելու և ոլորտի բոլոր ուղղություններով ավելի ակտիվ աշխատելու և համագործակցելու համար։