(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Մասնակցություն աշխատաժողովին Erasmus+ FlexWBL նախագծի շրջանակում  

Erasmus+ FlexWBL նախագծի շրջանակում փետրվարի 20-ից 24-ը Ավստրիայի Լինց քաղաքի Դիոցեզեի անվան կրթության մասնավոր համալսարանական քոլեջում տեղի ունեցավ բուհում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրման քաղաքականության մշակման հարցերին նվիրված 5-օրյա աշխատաժողով։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից աշխատաժողովին մասնակցում էին Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ Տաթևիկ Եդոյանը, Կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Սիրանուշ Էգնատոսյանը,  Ռազմավարական պլանավորման և որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Անի Հակոբյանը, Լեզուների կենտրոնի ղեկավար Սիրանուշ Հովհաննիսյանը։

Աշխատաժողովի մեկնարկային նիստում Սիրանուշ Հովհաննիսյանը ներկայացրեց ՃՇՀԱՀ-ի կազմակերպչական կառուցվածքին, կառավարմանը, կրթական ծրագրերին, ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին վերաբերող տեղեկատվությունը։  Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց և քննարկվեց Erasmus+ FlexWBL նախագծի ներկայիս կարգավիճակը։ Նախագծի շրջանակներում ՃՇՀԱՀ-ի իրականացված աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ տիկին Տ․Եդոյանը՝ շեշտադրելով համապատասխան կրթական ծրագրերի ուսումնական պլաններում նախատեսվող փոփոխությունների կատարման ընթացքը, ծրագրի վերաբերյալ տեղեկատվության տարածման կարևորությունը, ինչպես նաև կատարվեց գործընկեր կազմակերպությունների՝ Erasmus+ FlexWBL նախագծի իրականացման մեխանիզմների համեմատական վերլուծություն։ Անդրադարձ կատարվեց մշտադիտարկման և որակի բարելավման աշխատանքների, ինչպես նաև ուսումնաօժանդակ նյութերի և գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության ուղիներին առնչվող հարցերին։ Կազմակերպվեց այց Լինցի Արս էլեկտրոնիկա կենտրոն, ինչպես նաև իրականացվեց մշակութային այց Ավստրիայի Զալցբուրգ քաղաք։ 

Նախագծի ղեկավար կազմը քննարկեց և սահմանեց հետագա առցանց և դեմ առ դեմ հանդիպումների ժամանակացույցն ու պահանջվող փաստաթղթերի հանձման վերջնաժամկետները: 

FlexWBL նախագծի համակարգող բուհի՝ Լատվիայի Լիեպայայի համալսարանի կողմից ստացվեց համագործակցության առաջարկ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մշակվեց Էրազմուս+ KA107 շարժունության ծրագրի ներկայացման փաթեթ:

Ծրագրի ավարտին կողմերն ընդգծեցին աշխատաժողովի արդյունավետությունն ու հույս հայտնեցին, որ հետագա աշխատաժողովների ընթացքում նախագծի շրջանակներում կատարված աշխատանքների բարեհաջող ընթացքի վերաբերյալ էլ ավելի լայնածավալ քննարկումներ կանցկացվեն: 

 

01.03.23