(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՆՈՐ ԶԱՐԴԱՐԱՆՔՆԵՐԸ

Անցյալ տարի մայրաքաղաքում ավելացան նոր, թեմատիկ հուշակոթողներ՝ նվիրված Երևանի 2800 ամյակին:

Դրանց թվում էին նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Տիգրան Բարսեղյանի հեղինակած հուշակոթողները:

Դրանցից առաջինը՝ ոգեշնչված Սևակյան «Երևան դարձած իմ Էրեբունի» տողերով, իր տեղը գտավ խորհրդանշական «Էրեբունի» թանգարանի մոտակայքում: Տիգրան Բարսեղյանի և մեր համալսարանի երիտասարդ ճարտարապետներ Մհեր Ազիզյանի և Նարեկ Բարսեղյանի 9 մետրանոց ու Անիի ոսկեգույն տուֆից պատրաստված ստեղծագործության հիմքում Հայոց պետականության սահմաններն ազդարարող և պահպանող Արտաշեսյան եռագագաթ քարերի հորինվածքն է: Դափնու ճյուղի տեսքով վեր խոյացող ելուստը խորհրդանշում է Երևանի 28-դարյա պատմությունը, իսկ ճյուղի վերնամասի ծաղկանման հատվածը՝ Երևանի 12 վարչական շրջանները:

Տիգրան Բարսեղյանի մտքի մյուս թռիչքը յուրատիպ քարե էքսկուրս է՝ դեպի պատմական մայրաքաղաքներ: Հայացքը դեպի Արարատ լեռն ուղղած 5.2 մետրանոց քառանկյուն կոթողի վրայի տրավերտինի սալաքարերին նշված են բոլոր 12 մայրաքաղաքների անունները, տարեթվերն ու խորհրդանիշերը: Աղբյուր-հուշարձանը դարերի խորքից վեր հառնող Կենաց ծառի հորինվածք է, որը խորհրդանշում է հայոց պետականության կայացման համառոտագիրը, իսկ եռաթաս աղբյուրները՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնությունը: Նշենք, որ այս հուշակոթողը Երևանի քաղաքապետարանի գեղարվեստական խորհրդին ներկայացված նախագծերից միակ կյանքի կոչվածն է:

Եվ, վերջապես 3-րդ՝ բազալտակուռ հուշակոթողը տեղադրված է Արցախյան ազատամարտիկ Արթուր Կարապետյանի այգեպուրակում: Այն կարծես ընդերքից դեպի լույսը ձգվող կենսացողուն լինի, որը ճեղքել է մայր հողը՝ իր աջ ու ձախ կողմերում ունենալով ավանդական պահապան վիշապներին, որոնք մինչքրիստոնեական ժամանակահատվածում առանձնահատուկ տեղ են ունեցել հայկական զարդարվեստում:

Ինչպես ասում են՝ հուշարձաններն ու հուշակոթողները քարե լուռ վկաներ են: Եվ, որքան դրանք շատ են, այնքան պատմությունը խոսուն է և պաշտպանված՝ ժամանակի անէացնող փոշուց:

21.03.19