Ցավով տեղեկացնում ենք, որ 85 տարեկան հասակում մահացել է տ.գ.դ., պրոֆեսոր, պետական բարձրագույն պարգևների արժանացած Թեմուր Գևորգի Մարգարյանը:
Նրան հիշում են՝ որպես մեծ մասնագետի, մարդու, ով իր ողջ կյանքը նվիրել է քաղաքաշինության բնագավառի զարգացմանը և սերունդներ կրթելու պատասխանատու գործին: Թեմուր Մարգարյանը եղել է Քաղաքաշինության նախարարության գիտատեխնիկական վարչության պետը, իսկ 2006թ-ից՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Շինարարական կոնստրուկցիաներ» ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր:
Անգնահատելի է եղել Նրա ներդրումը շինարարական կոնստրուկցիաների, սեյսմակայուն շինարարության, շենքերի և կառուցվածքների տեխնիկական վիճակի հետազննման, վերականգնման և ուժեղացման գիտական ձեռքբերումների ոլորտում, իրագործել է գիտահետազոտական բազմաթիվ աշխատանքներ և ծրագրեր: 110-ից ավելի հրատարակված աշխատանքների, 6 գյուտերի հեղինակ է:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը իր խորին ցավակցությունն է հայտնում Թեմուր Մարգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին: