Ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Արտյոմ Ալբերտի Ալոյանը, մեծ ցավ և ափսոսանք պատճառելով իր ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ուսանողներին և իրեն բոլոր ճանաչողներին։
Իր մարդկային բարձր հատկանիշներով, մասնագիտական խորը գիտելիքներով, բարեկիրթ կեցվածքով նա մշտապես վայելել է շրջապատողների խորին և անկեղծ սերը, հարգանքն ու մեծարանքը։
Երկար տարիների նվիրյալ և աննկուն աշխատանքի վաստակն իր համար ապահովել էր արժանապատիվ մեծ հեղինակություն։ Գործունեության հիմնական ուղղություններն էին՝ քաղաքաշինական և ճարտարապետական նախագծում, օրենսդրական և նորմատիվ փաստաթղթերի մշակում, քաղաքաշինական կադաստր, գիտական բեղմնավոր աշխատանք:
Արտյոմ Ալոյանը ծնվել է 1952 թվականի օգոստոսի 18-ին, Երևանում։ 1974թ․ ստանալով ճարտարապետի դիպլոմ, կրթությունը 1978-1980 թթ․ շարունակել է Մոսկվայի «ՑՆԻԻՊ գրադոստրոիտելստվա» ինստիտուտի ասպիրանտուրայում և ստացել ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։ 1994 թվականից դասավանդում էր մայր բուհում՝ ճարտարապետի բարդ մասնագիտական ուղու վրա ամուր կանգնեցնելով հազարավոր ուսանողների, այդ թվում՝ նաև մեծ թվով արտասահմանցիների։ Նա երկար տարիներ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական խորհրդի անդամ էր, ճարտարապետության ֆակուլտետի խորհրդի անդամ, Ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնի վարիչի տեղակալ։
Ա․Ալոյանի բեղուն աշխատանքային գործունեության արգասիք են Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի գլխավոր հատակագծեր, որոնց մեջ հատկանշական է Երևան քաղաքի գործող գլխավոր հատակագիծը։ Հեղինակային աշխատանքների ցանկը մեծ է․ Երևան քաղաքի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի և առաջնահերթ շինարարության կառուցապատման էսքիզների մշակման աշխատանքներ (Երևանի Տիչինայի փողոցին հարող տարածք), Երևան-բերդ հասարակագործարարական և մշակութային միջազգային համալիրի գոտիավորման նախագիծ և կառուցապատման էսքիզ (Երևան Սիթի), Երևան քաղաքի Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագիծ և կառուցապատման էսքիզ, Երևան քաղաքի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի և առաջնահերթ շինարարության կառուցապատման էսքիզների մշակման աշխատանքներ, Մարս գործարանին հարող տարածք (Մարս տեխնոպոլիս), Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված կանաչապատման տարածքների էսքիզային նախագիծ, Դավիթաշեն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագիծ և կառուցապատման էսքիզ, Էրեբունի թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագիծ և կառուցապատման էսքիզ և այլն։ Հեղինակ է 100-ից ավելի նախագծային և գիտական աշխատանքների, որոնցից հատկապես կարելի առանձնացնել ՀՀ տարածքային հատակագծման նախագիծը, ՀՀ տարաբնակեցման ուրվագիծը, Երևանի, Գյումրիի, Եվրոպոլիսի և այլ քաղաքների գլխավոր հատակագծերը, Երևանի կենտրոնի և վարչական շրջանների գոտիավորման և կառուցապատման նախագծերը, առանձին շենքերի և համալիրների տեխնիկական և աշխատանքային նախագծեր, ինտերյերների դիզայն: Աշխատանքները ցուցադրվել են Վենետիկի բիենալեում, խրախուսվել են Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի և Երևանի քաղաքապետարանի Պատվոգրերով և Պատվո նշաններով:
Արժանվույնս գնահատվելով որպես բարձրակարգ և անաչառ մասնագետ, Ա․Ալոյանը մշտապես ընդգրկված է եղել պետական և այլ մասնագիտական պատասխանատու հանձնաժողովներում և խորհուրդներում․ 1992թ.՝ ՀՀ ԿԳՆ «Քաղաքաշինություն, ճարտարապետություն, շինարարություն» գիտական բնագավառի փորձագիտական հանձնաժողովի անդամ, 1992թ.՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական խորհրդի անդամ, 1995թ.՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական գործունեության լիցենզավորման հանձնաժողովի անդամ, 2011թ. Հայաստանի ճարտարապետների միության «Քաղաքաշինություն» հանձնաժողովի անդամ, 2011թ. ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի «Ճարտարապետություն, քաղաքաշինություն և շինարարություն» ոլորտի փորձագետ, 2013թ. Հայաստանի ճարտարապետների միության «Գիտության և կրթության» հանձնաժողովի անդամ և այլն։ 1983թվականից ՀՀ ճարտարապետների միության անդամ էր, 2010թ.՝ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ։
2012թ. պարգևատրվել է Արթուր Թարխանյան ոսկեզոծ մեդալով, 2019թ.՝ «Ալեքսանդր Թամանյան» ոսկե մեդալով:
Արտյոմ Ալբերտի Ալոյանը անհատականություն էր և մեծ հայրենասեր։ Նրա նվիրումը մեր երկրին և նրա ապագային արտահայտվել է թե իր մասնագիտական աշխատանքի, թե իր կրթած ճարտարապետների նոր սերնդի գործունեության մեջ։
Հավերժ հիշատակ քեզ, հարգարժան Արտյոմ։
Հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի՝ 16.10.2023-ին ժամը 17:00-ից 20:00 Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող «Էրեբունի» սգո սրահում։
Հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի՝ 17.10.2023-ին ժամը 14:00 Արին-բերդի գերեզմանատանը: