(010) 303-300

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐ Ե. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Այսօր Ճարտարապետի միջազգային օրն է: 1985 թվականին  Ճարտարապետների միջազգային միության նիստում որոշում է ընդունվել՝ նշելու «Ճարտարապետության համաշխարհային օրը» հուլիսի առաջին երկուշաբթի օրը։ Սակայն 1996 թվականին Բարսելոնա քաղաքում Ճարտարապետների միջազգային միության 20-րդ Գլխավոր ասամբլեայում որոշում է ընդունվել՝ «Ճարտարապետության համաշխարհային օրը» հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը տեղափոխելու մասին:    Այդ ժամանակվանից ի վեր նշվում է Ճարտարապետների միջազգային օրը՝ մասնագիտական տոնը:

Ճարտարապետությունը մեր մշակույթի անբաժանելի մասն է, անքակտելի բաղադրիչը և մեր երկրի այցեքարտը համայն աշխարհում: Ճարտարապետությունն ավելին է, քան պարզապես մասնագիտություն. այն դիմագիծ է, ձեռագիր, կենսակերպ, որը՝ որպես ժառանգություն, մշտապես ուղեկցում է մեր ժողովրդին՝ ամրագրելով նոր նվաճումներ ու վերելքներ նրա մշակութային կյանքում: Ճարտարապետի ճկուն ու ստեղծագործ միտքը, դարերի ընթացքում ստեղծելով ճարտարապետական գլուխգործոցներ, շունչ ու կյանք է տվել քարին՝ կերտելով մշտամնա ու բարձրարժեք կոթողներ:

Իմ և ՃՇՀԱՀ ողջ ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանում, դրա սահմաններից դուրս ապրող և արարող բոլոր հայ ճարտարապետներին մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, մտքի աներևակայելի թռիչք, ստեղծագործ ու բեղուն աշխատանք և նվիրում ամենաազնիվ մասնագիտության նկատմամբ: Թող հայոց խաղաղ երկնքի տակ մշտապես կառուցվելիք շենքերն ու կառույցները՝ որպես ճարտարապետական ստեղծագործ ու հզոր մտքի ծնունդ, դառնան ողջ հայության ինքնության սիրուն ու հավերժախոս վավերագրերը:

Հարգելի՛ գործընկերներ, վստահ եմ, որ Ճարտարապետաշինարարական 100-ամյա դարբնոցը կշարունակի կրթել ու դաստիարակել ճարտարապետների նորանոր սերունդներ, որոնց գործունեությունը ուղենշային կլինի հայ ճարտարապետության մտքի թևածման ու զարգացման համար:

Տոնդ շնորհավոր, ճարտարապե՛տ:

11.10.21