(010) 303-300

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐ ԵՂԻԱԶԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2022 թվականի սիրելի՛ շրջանավարտներ, ողջունում եմ բոլորիդ։ Այսօրվա մեր միջոցառման  իրականացման վայրի ընտրությունը պատահական չէ և պարունակում է մի քանի խորհուրդ. առաջինը մշակույթ և ճարտարապետական կոթողներ ստեղծելու խորհուրդն է, երկրորդը համաշխարհային մշակութային ժառանգության պահպանումն է, հաջորդը՝ արարումը, կառուցումը, արժեքների ստեղծումը, մեր երկրի դիմագծի ձևավորումն ու ապագա սերունդներին դարեդար փոխանցումը: Այս բոլոր խորուրդները բնորոշ են մեր ողջ ժողովրդին, իսկ մեր համալսարանի շրջանավարտներն այս արժեքների կրողն ու իրականացնողն են:

Հետևաբար ուզում եմ շնորհավորել բոլորիս և հատկապես Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտներին հիմնավոր գիտելիքներ ձեռք բերելու, մասնագիտություն ստանալու և համալսարանը բարեհաջող ավարտելու այս, հիրավի, հիշարժան օրվա առթիվ:

Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին, որովհետև նրանք ջանք ու եռանդ չեն խնայել ձեզ ուսման տալու համար:

Շնորհավորում եմ ձեր դասախոսներին. վստահ եմ, որ նրանք սրտանց հաղորդակից են ձեր ուրախությանը, քանի որ ձեր նվաճումը նաև նրանց  նվաճումն է:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտներն են շուրջ մեկ դար կառուցում մեր քաղաքներն ու բնակավայրերը,   ճանապարհները, ջրամբարներն ու

հիդրոէլեկտրոկայանները, ստեղծում են տրանսպորտային համակարգեր, պահպանում են մեր ճարտարապետական հուշարձանները՝ ձևավորելով մեր երկրի դիմագիծը:

Սիրելի՛ շրջանավարներ, վստահեցնում եմ ձեզ, որ մասնագիտական գործունեության բոլոր ոլորտներում դուք պահանջված եք՝ հատկապես հաշվի առնելով այն աննախադեպ ծավալի ենթակառուցվածքային ծրագրերը, որոնք այսօր մեկնարկել են և իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում (500 մանկապարտեզի և 300 դպրոցի շինարարություն, յուրանքանչյուր տարի 400-500 կմ ճանապարհաշինարարություն, մի քանի տասնյակ ջրամբարների նախագծում, ոռոգման և ջրամատակարարման համակարգի շինարարություն): Ներկայումս միայն Երևան քաղաքում մեկնարկել է շուրջ 320 բազմաբնակարան շենքերի նախագծում ու շինարարություն:

Սիրելի՛ շրջանավարտներ, ձեր գլխավոր առաքելությունը պետք է լինի ոչ միայն ապահովել մեր երկրի մասնագիտական պահանջարկը, այլև նոր որակ, նոր գաղափարներ ու տեխնոլոգիաներ ներդնել մասնագիտական խնդիրների լուծման գործընթացում:

Վստահեցնում եմ, որ մեր համալսարանը ուղեկից է լինելու ձեզ՝  աջակցելով մասնագիտական գործունեության ողջ ընթացքում:

Առաջին կուրսի սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ մեր համալսարան ընդունվելու կապակցությամբ և իմ անունից, մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից այս պատասխանատու ամբիոնից խոստանում եմ, որ դուք ստանալու եք որակյալ, հիմնավոր, ժամանակակից պահանջներին համապատասխան կրթություն և պատվաբեր մասնագիտություն, ունենալու եք հնարավորություն անվճար խորացված սովորելու առնվազն երկու օտար լեզու: Վստահ եմ, որ դուք ևս պատվով կանցնեք այս ուղին, ինչպես այօրվա շրջանավարտները:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս և ցանկանում բարի երթ, նորանոր հաջողություններ մեր շրջանավարնտներին և ուսանողներին: Մաղթում եմ, որ յուրաքանչյուրդ ձեր առաքելությունը իրականացնեք բարձր պատախանատվությամբ և հայրենիքի նկատմամբ մեծագույն սիրով:

 

28.08.22