(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐ ԵՂԻԱԶԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 Հարգելի՛ շինարարներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։

Շինարարի մասնագիտությունն ամենապատվավոր, պատասխանատու մասնագիտություններից է, որի արդյունքները վայելում են հանրությունն ու սերունդները։ Շինարարների քրտնաջան աշխատանքի շնորհիվ շինարարությունը մեր ազգային տնտեսության առանցքային բաղադրիչներից է: Շինարարի գործունեությամբ են պայմանավորված մարդկանց բարեկեցությունը, երկրի շենացումն ու տնտեսության զարգացումը։ Շինարարի ու ճարտարապետի ստեղծագործ աշխատանքի արդյունքում են ստեղծվում այնպիսի կառույցներ, որոնք դառնում են մեր երկրի այցեքարտը: Արդյունքում սերնդեսերունդ փոխանցվում են մեր ժողովրդի՝ դարերի խորքից եկող արարչական ձիրքն ու ստեղծագործելու բացառիկ ներուժը: Ողջունելի է, որ այսօր հայ շինարարները զարգացնում են անցյալի վարպետների մասնագիտական փորձառությունը՝ լավագույն ավանդույթներին ավելացնելով նորարարական գաղափարներ ու լուծումներ։ Ներկայումս շինարարների առջև ծառացած են մրցունակության, շինարարական աշխատանքների որակի բարձրացման, ֆինանսավորման աղբյուրների ծավալի մեծացման, տեխնոլոգիաների կիրառմամբ ոլորտը զարգացնելու և բազմաթիվ այլ հարցեր: Շինարարների՝ որպես հասարակության ստեղծարար ուժի առջև մշտապես առաջադրվում են ժամանակի հրամայականով պայմանավորված խնդիրներ, որոնց լուծումն էլ ապահովում է քաղաքացիների հարմարավետ կենսապայմանների ստեղծումը: ՃՇՀԱՀ ուսանողները, շրջանավարտներն իրենց գործունեությամբ մշտապես բարձր են պահել շինարարի անբասիր անունը: Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանկություն, արգասաբեր գործունեություն և ստեղծագործական բազում հաջողություններ՝ ի նպաստ մեր հայրենիքի շենացման։

ՃՇՀԱՀ ռեկտոր

Ե․ Վարդանյան

14.08.22