ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
1985 թվականից ի վեր ամբողջ աշխարհում ճարտարապետներն հոկտեմբեր ամսվա առաջին երկուշաբթի օրը նշում են իրենց մասնագիտական միջազգային տոնը՝ Ճարտարապետության համաշխարհային օրը: Այս կարևոր տոնը սահմանվել է Ճարտարապետների միջազգային միության (UIA) կողմից՝ ընդգծելու ճարտարապետության նշանակությունը քաղաքների և մարդկային բնակավայրերի զարգացման գործում: Հոկտեմբեր ամսին են նշվում նաև Բնակավայրերի համաշխարհային օրը և Քաղաքների համաշխարհային օրը:
Համալսարանի ողջ պրոֆեսորադասախոսական կազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլոր հայ ճարտարապետներին՝ մաղթելով ստեղծագործական բեղուն աշխատանքային տարի: Հայկական ճարտարապետությունը ճարտարապետական ոճ է, որ ստեղծվել և օգտագործվում է հայ ժողովրդի կողմից Հայկական լեռնաշխարհում և նրա սահմաններից դուրս:
Հայկական լեռնաշխարհում սկսած քարի դարից մարդը հիմնել է կացարան, որը լրացրել է արհեստական հնագույն շինվածքներով: Հետագայում անընդհատ զարգանալով հայկական ճարտարապետությունը այսօր էլ շարունակում է ունենալ իր ուրույն նշանակությունը, որը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա:
Ցանկանում եմ, որ հայ ճարտարապետները հայոց խաղաղ երկնքի տակ շարունակեն կյանքի կոչել իրենց գաղափարները: Իսկ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը կշարունակի կրթել, դաստիարակել և թողարկել մրցունակ ճարտարապետների նորանոր սերունդներ, որոնք հետագայում կունենան իրենց ներդրումը հայ և ինչու չէ համաշխարհային ճարտարապետության զարգացման գործում:
Շնորհավոր տոնդ, ճարտարապե՛տ:
ՃՇՀԱՀ ռեկտոր
Եղիազար Վարդանյան