Սիրելի՛ գիտնականներ, հետազոտողներ, դասախոսներ և ուսանողներ,
Նոյեմբերի 10-ին աշխարհը նշում է Գիտության միջազգային օրը՝ հանուն խաղաղության և զարգացման։ Սա հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծելու գիտության այն բացառիկ դերը, որն ունի պետությունների կայուն զարգացման, հասարակական առաջընթացի, նորարարական մտածողության և խաղաղության հաստատման գործում։
Գիտությունը ոչ միայն գիտելիքի աղբյուր է, այլև հասարակական առաջընթացի շարժիչ ուժ, որի առաքելությունն է լուծել իրական խնդիրներ և ծառայել հանրության բարօրությանը։ Այսօր առավել քան երբևէ ակնհայտ է, որ գիտությունը պետք է լինի վստահելի, կիրառելի և ապագային ուղղված։ Այս տարի Գիտության օրը կրում է՝ «Վստահություն, փոխակերպում և ապագա․ գիտություն, որի կարիքն ունենք 2050 թվականին» խորագիրը, որն ընդգծում է գիտության առաջ կանգնած մարտահրավերները հասկանալու, ձևակերպելու և առաջ շարժվելու հարցերը։
Հայաստանում վերջին տարիներին գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն ձևավորելու նոր գիտական միջավայր՝ հիմնված գիտելիքի, որակի և պատասխանատվության վրա։ Այս քաղաքականությունը ներառում է ոչ միայն գիտական ենթակառուցվածքների զարգացում, այլև երիտասարդ գիտնականների խրախուսում, նորարար ձեռնարկությունների ձևավորում և միջազգային համագործակցության ընդլայնում։
Այս համատեքստում առանձնահատուկ տեղ ունի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, որի գիտնականներն ու հետազոտողները նշանակալի ներդրում ունեն ոչ միայն ինժեներական, ճարտարապետական և դիզայներական գիտությունների զարգացման, այլև բնապահպանական, կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում։
Մեր համալսարանը մշտապես հետևում է միջազգային առաջատար փորձին՝ համադրելով տեսական ուսումնասիրությունները կիրառական արդյունքների հետ։ Գիտության և կրթության միասնությունը մեր հիմնական սկզբունքն է․ մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր գիտական նոր բացահայտում պետք է ծառայի երկրի տնտեսական հզորացմանը, միջավայրի բարելավմանը և հասարակական արժեքների ամրապնդմանը։
Այս օրը նաև շնորհակալություն հայտնելու հնարավորություն է բոլոր նրանց, ովքեր իրենց գիտական աշխատանքով, նվիրվածությամբ և ստեղծագործ մտքով ձևավորում են գիտելիքի նոր աշխարհ։
Շնորհավորում եմ Գիտության միջազգային օրվա կապակցությամբ։ Թող յուրաքանչյուր նոր գաղափար վերածվի իրականության, յուրաքանչյուր հետազոտություն՝ օգտակար գործի, և յուրաքանչյուր գիտական արդյունք՝ մեր հայրենիքի հզորացման աղբյուրի։