(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ

Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ռեկտոր Եղիազար Վարդանյանի հետ։ Հանդիպմանը ներկա էր ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավար, ուսանողական խորհրդի պատվավոր նախագահ Հովսեփ Հովեյանը, բոլոր ֆակուլտետների ուսանողական խորհուրդների և հանձնաժողովների ղեկավար կազմերը։

Հանդիպման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը, որից հետո ռեկտոր Ե․ Վարդանյանը իր ողջույնի խոսքն ուղղեց ուսանողական խորհրդի անդամներին,- «Նախ թույլ տվեք շնորհավորել ուսանողական խորհրդի նորընտիր նախագահին, վստահ եմ, որ այս կազմը հաջողություն կունենա, քանի որ բոլորիս նպատակը մեկն է՝ ունենալ որակյալ և արժանահավատ կրթություն մեր հայրենիքը հզորացնելու համար: Կոչ եմ անում լինել միասնական, համատեղել ուժերը մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերների հաղթահարման համար և հավատացած եղեք կունենանք նկատելի արդյունքներ»:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսանողներին հուզող հարցերը, տարբերակներ առաջարկվեցին առաջնային խնդիրներին լուծում տալու համար՝ ուսման որակը բարձրացնելու նպատակով: 
Քննարկվեցին նաև ստուգարքների և քննությունների անցկացման կարգի վերաբերյալ հարցեր, ուսանողները հետաքրքրվեցին համալսարանում իրականացվող առաջիկա ծրագրերի և միջոցառումների մասին։

Ուսանողական խորհրդի նախագահ Սուսաննա Հակոբյանը ողջ աշխատակազմի անունից շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և վստահեցրեց, որ ուսանողական  խորհուրդը ջանք չի խնայի իր ներդրումը ունենալ այն բոլոր բարեփոխումներում, որը մատնանշեց ՃՇՀԱՀ ռեկտորը։

Ուսանողների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր և առաջարկներ, որոնք մեծամասամբ ընդունվեցին։ Հանդիպումը տեղի ունեցավ անմիջական և ջերմ մթնոլորտում։

09.12.21