(010) 303-300

ՃՇՀԱՀ ՊՐՈՖԵՍՈՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԵՎ ՊԱՐԳԵՎՈՎ

Օրերս հանդիսավորությամբ նշվեց Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձը։ Միջոցառմանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, ինչպես նաև օրենսդիր և գործադիր մարմինների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Վարչապետը շնորհավորելով ներկաներին՝ իր ելույթում անդրադարձավ ջրային ոլորտի կառավարման ռազմավարական նշանակությանը և մասնագիտական կրթության դերին՝ ընդգծելով ջրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորման և արդյունավետ կառավարման համակարգերի ներդրման անհրաժեշտությունը։

Ջրային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար վարչապետը պարգևներ և շնորհակալագրեր հանձնեց բնագավառի մի շարք ներկայացուցիչների։ Պարգևատրվածների թվում էր նաև ՃՇՀԱՀ Ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոնի պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանը։

Պրոֆեսորը համալսարանում իրականացրել է բազմամյա բեղմնավոր, գիտամանկավարժական գործունեություն, ինչպես նաև մեծ ավանդ ունի ինժեներական կադրերի պատրաստման գործում: Իր երկարամյա գործունեության ընթացքում ստեղծել է 100-ից ավել գիտական աշխատանք, այդ թվում 12 գյուտ: Հեղինակել է 1 մենագրություն «Հիդրավլիկական հարված և խողովակաշարերի պաշտպանություն», 1 դասագիրք և 1 ձեռնարկ՝ ոռոգման համակարգի շահագործող անձնակազմի համար, ինչպես նաև հեղինակել է բազմաթիվ մեթոդական աշխատանքներ:

24.02.26