Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համագործակցության արդյունքում մշակվել է Արտաշատ քաղաքի հրապարակի արդիականացման և հանրային տարածքի կազմակերպման հայեցակարգային առաջարկ։
Դիպլոմային աշխատանքի շրջանակում մշակված նախագիծը և մակետը ներկայացվել են Արտաշատի համայնքապետարանում կազմակերպված շնորհանդեսի ժամանակ, որին ներկա են եղել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը և համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։
Նախագիծը իրականացրել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ուսանողուհի Արևիկ Նազարյանը, իսկ աշխատանքի համար հիմք են ծառայել Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ Արարատի մարզի համար մշակված միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը: Ուսանողուհին իր նախագծում առաջարկել է հրապարակն ազատել ավտոմեքենաներից՝ ստեղծելով ստորգետնյա, երկհարկանի ավտոկայանատեղի, ստեղծել հայկական նախշերով ձևավորված ճեմուղի, կանաչապատ տարածք, որը հնարավոր կլինի օգտագործել տարբեր միջոցառումների, ցուցահանդեսների կազմակերպման համար։ Նոր շունչ կարող է ստանալ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը՝ արդիականացման արդյունքում տարբեր խմբակների, համերգների կազմակերպման, ներքին բակը՝ ինտերնետ հասանելիությամբ աշխատանքային միջավայրի, իսկ տանիքը՝ գեղեցիկ տեսարանով սրճարանային տարածքի վերածելու միջոցով։ Այս գաղափարներն արտացոլող մակետը Արևիկ Նազարյանը նվիրել է համայնքին։
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր աշխատանքի համար՝ նշելով, որ այն արտացոլում է տարածքի արդիականացման վերաբերյալ համայնքապետարանի պատկերացումները։ Նա հավաստիացրել է, որ առաջիկայում հնարավորություն կունենան քաղաքն առավել գրավիչ ու հարմարավետ դարձնել բնակիչների և հյուրերի համար