Օրերս Հայաստանի նկարիչների միությունում իրականացավ ՃՇՀԱՀ Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի կազմակերպած ուսանողական ցուցահանդեսը: Արա Սարգսյան ցուցասրահում ներկայացված էին վերջին տարիներին կատարված ուսանողների լավագույն աշխատանքները:
Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը. «Երբ առաջին անգամ լսեցինք ցուցահանդեսի նախաձեռնության մասին, առանց երկմտելու տվեցինք մեր համաձայնությունը այն իրականացնել այստեղ։ Ուրախ ենք ազդարարելու, որ ապագայում ևս պատրաստ ենք հանդես գալ նմանատիպ նախագծերով, քանի որ մեծապես կարևորում ենք համագործակցությունը, հատկապես՝ երիտասարդ ստեղծագործողների հետ։ Այս ցուցահանդեսը առավել արժեքավոր է նաև նրանով, որ ներկայացված աշխատանքները ստեղծվել են ուսումնական գործընթացի շրջանակում, սակայն դրանց ավարտուն տեսքը վկայում է բարձր ստեղծագործական մակարդակի մասին։ Կարելի է վստահաբար ասել, որ այս գործերը պատիվ են բերում թե՛ Հայաստանի նկարիչների միությանը, թե՛ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանին։ Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ և նշանակալի ցուցահանդեսի կապակցությամբ»։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը։ Վերջինս իր խոսքում նշեց․ «Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր ու գեղեցիկ միջոցառման կապակցությամբ։ Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել պարոն Սաֆարյանին և Հայաստանի նկարիչների միությանը՝ մեր համալսարանին նման հնարավորություն ընձեռելու համար։ Այս միջոցառումը հրաշալի առիթ է մեր ուսանողների ստեղծագործական ներուժը հանրությանը ներկայացնելու և նրանց աշխատանքները արժևորելու համար։ Համալսարանի անունից վստահորեն կարող եմ նշել, որ նմանատիպ նախաձեռնությունները, որոնք նպաստում են մեր ուսանողների գիտելիքների, կարողությունների և մասնագիտական հմտությունների զարգացմանը, այսուհետ պարբերական բնույթ են կրելու։
Մասնավորապես ցանկանում եմ ընդգծել նաև ամբիոնի նշանակալի դերը՝ Ռազմիկ Հարությունյանի ղեկավարությամբ։ Նրանք մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ են կազմակերպել են այս ցուցահանդեսը։
Ցուցահանդեսը ևս մեկ վկայություն էր, որ ստեղծագործական միտքն ու արվեստը զարգանում են այն միջավայրում, որտեղ արժևորվում է կրթության, համագործակցության և երիտասարդական ներուժի համադրությունը։
Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը շարունակելու է խրախուսել նման ձևաչափով միջոցառումների կազմակերպումը՝ ընդգծելով արվեստի դերը կրթական գործընթացում և ուսանողների կայացման ճանապարհին։