(010) 303-300

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված և Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ կազմակերպված պաստառների ուսանողական մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Մրցույթի թեման էր՝ «Հայ ժողովրդի ավանդը ֆաշիզմի ջախջախման գործում»։ Ստեղծագործական նախաձեռնությանը մասնակցել են տասնյակ ուսանողներ, որոնց աշխատանքներն ընդգծել են հիշատակի, հարգանքի և պատմական արդարության արժեքները:

Մրցույթի հաղթողներից են՝

  • Մերի Մարգարյանը՝ «Քոչարի Ռեյխստագի մոտ» պաստառով,
  • Սերյոժա Միքայելյանը՝ ստեղծագործությամբ, ոգեշնչված իր նախապապի և Խորհրդային Միության հերոս Նելսոն Ստեփանյանի պատմությամբ,
  • Անժելիկա Անդրեասյանը՝ պաստառով, որում մարմնավորել էր իր նախապապի կերպարը և պատերազմում սերնդի փոխանցած ուժը։

Մրցույթի մասնակիցները նշեցին, որ աշխատանքներն իրականացնելիս առաջնորդվել են ոչ միայն պատմական փաստերով, այլև իրենց ընտանեկան հիշողություններով՝ պաստառների միջոցով արտահայտելով հպարտություն ու ոգեղեն պայքար։

Հաղթած և լավագույն աշխատանքները ներկայացվել են Երևանի կենտրոնի գովազդային վահանակներին, ինչպես նաև տեղադրվել են Հարավկովկասյան երկաթուղիների վագոններում տարածելով խաղաղության ուղերձը հանրության լայն շրջանակներում։

02.06.25