(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՌԵ-ԴՊՐՈՑ-ԵՐԵՎԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկեց  «Ռե-դպրոց-Երևան» միջազգային ծրագիրը։

Միջազգային այս համատեղ ծրագրով մեկամյա լրացուցիչ կրթության ավարտին մասնակիցներին կշնորհվի  «Ժառանգության ոլորտի մասնագետ» (Master in spereof heritage) որակավորումը։

Բացման խոսքով հանդես եկավ ՃՇՀԱՀ միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը։ Ողջունելով բոլորին՝ պարոն Եդոյանը փոխանցեց ռեկտոր Ե. Վարդանյանի խոսքը. «Մեր համալսարանն ունի երկարամյա միջազգային համագործակցություն տարբեր երկրների բուհերի և կազմակերպությունների հետ, առանձնապես արդյունավետ է համագործակցությունը Ֆրանսիայի բարձրագույն դպրոցների հետ: Համագործակցության արդյունքում մեր համալսարանի կրթական ծրագրերը համապատասխանեցվել են եվրոպական չափանիշներին: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետի պետական դիպլոմը 1994 թվականից պաշտոնապես համարժեք է ֆրանսիականին։  Պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանումը չափազանց արդիական է բոլորիս համար: Տարբեր երկրների առաջատար մասնագետների ներգրավումն ու նրանց փորձի համադրումը բարձրորակ կադրերի պատրաստման լավագույն երաշխիքն են, և այս առումով ևս արժևորվում է ծրագրի իրականացումը»:  

Ծրագրի ղեկավար Ն. Տյուտչևան իր խոսքում նշեց, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռում ձեռք բերելու համակարգային պատրաստվածություն պատմամշակութային ժառանգության պահպանության ու վերարժևորման ոլորտում նաև ղեկավար պաշտոնների հավակնողներին:

Ծրագիրը մշակվել է Ֆրանսիայի ժառանգության պահպանության դպրոցի («Ecole de Chaillot») և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ: Դասախոսների թվում են ժառանգության պահպանության, պատմական միջավայրի և քաղաքաշինության բնագավառում առաջատար մասնագետներ Ռուսաստանից, Հայաստանից, Ֆրանսիայից։ Ծրագիրը կիրականացվի երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն: Ուսանողը կարող է ընտրել հետևյալ մոդուլները՝ ժառանգության օբյեկտների պահպանման տեսական հիմունքներ, բնակավայրի գենետիկա, վերականգնման և ամրակայման մեթոդաբանություն, ՌԵ-տեխնոլոգիաներ, անշարժ հուշարձանների ու պատմական վայրերի կառավարում:

 Ծրագրի գործընկեր կողմերն են ՀՀ-ում և ՌԴ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունները, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը,  ճարտարապետական և ​​մշակութային ժառանգության պահպանության ոլորտում գիտական ​​հետազոտությունների «Ռե-Շկոլա» կենտրոնը և  վերականգնող ճարտարապետների ֆրանսիական բարձրագույն «Էկոլ դե Շայոյին» դպրոցը:

 

 

26.10.22