«Պատմամշակութային ժառանգության պահպանությունը՝ որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց» խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքներից հետո հրավիրված մասնագետները Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ուսանողների համար հանդես եկան դասախոսություններով՝ ժառանգության պահպանության, պատմական քաղաքների ինքնության և պահպանության թեմաներով։
Կլերմոն-Ֆերանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցից Իվոն Կոթիեն ներկայացրեց իր կողմից իրականացված մի շարք նախագծեր, մասնավորապես Օվերն նահանգի տարբեր քաղաքներում պատմական շենքերի արդիականացման հետազոտման և նախագծման աշխատանքները։
Միլանի պոլիտեխնիկական համալսարանից Գայանե Կազնատին ներկայացրեց Երերույքի տաճարի ամրակալման նախագիծը, իսկ ճարտարապետ Անդրեյ Իվանովը դասախոսություն կարդաց Հայաստանի պատմական քաղաքների՝ Գյումրու, Գորիսի, Երևանի, Կոնդի, Ստեփանակերտի ճարտարապետության պահպանության խնդիրների մասին։