(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՄԱԿ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Միավորված ազգերի կազմակերպության հրավերով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունները աշխատանքային այցով ուղևորվել են Շվեցարիայի Ժնև քաղաք։

Համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանի գլխավորությամբ, Ժնևի Ազգերի պալատում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) քաղաքաշինության, բնակարանաշինության և հողի կառավարման կոմիտեի ութսունհինգերորդ նիստին: Կոմիտեն աջակցություն է հայտնել հողի արդյունավետ կառավարման, կլիմայական առումով չեզոք շենքերի, խելացի և կայուն քաղաքների ուղղությամբ երկրների փորձի փոխանակման կազմակերպման հարցերում: Հանդիպման օրակարգում ներառված էր ԵՏՀ համակարգմամբ ՃՇՀԱՀ-ում Հայաստանի քաղաքաշինության, ճարտարապետության և բնակարանաշինության ՄԱԿ գերազանցության կենտրոն հիմնելու հարցը։

ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը հանդես եկավ ելույթով և ներկայացրեց համալսարանի ձեռքբերումներն ու հնարավորությունները։ Ելույթով հանդես եկավ նաև ՃՇՀԱՀ Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի վարիչի ժ/պ Ավետիք Արզումանյանը և ներկայացրեց համալսարանի ուսումնագիտափորձարարական բազան և գերազանցության կենտրոնի ստեղծման, ինչպես նաև գործունեության տեսլականը։

Այսպիսով Հայաստանում՝ ՃՇՀԱՀ-ում, առաջին անգամ կստեղծվի տեսակի մեջ եզակի ՄԱԿ գերազանցության կենտրոնը:

Ի աջակցություն ՀՀ-ում ստեղծվող կենտրոնի, իրենց ելույթներում դրական արձագանքեցին աշխարհում գործող թվող ութ գերազանցության կենտրոնների պատասխանատուներից մի քանիսը։

Միավորված ազգերի կազմակերպության ԵՏՀ քաղաքաշինության, բնակարանաշինության և հողի կառավարման կոմիտեն միաձայն հաստատել է աշխարհի թվով 9-րդ կենտրոնի ստեղծման որոշման նախագիծը։

11.10.24