(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-Ն՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «AUTODESK» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը 2021 թվականից համագործակցում է ճարտարապետության, շինարարության, դիզայնի և այլ ոլորտներում ծրագրակազմեր արտադրող համաշխարհային առաջատար «Autodesk» ընկերության հետ։ ՃՇՀԱՀ-ն Հայաստանում «Autodesk» ընկերության լիազորված ակադեմիական գործընկերն է (AAP-Authorized Academic Partner)՝ այդպիսով դառնալով «Autodesk»-ի ուսումնական գործընկերների համայնքի անդամ:

ՃՇՀԱՀ-ում «Autodesk Revit» և «AutoCad» ծրագրակազմեր դասավանդող դասախոսները հավաստագրվել և «Autodesk» ընկերության կողմից ընդունվել են որպես բարձրակարգ մասնագետներ։

Նախնական փուլում հավաստագրման քննություններին մասնակցել են Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման, Շինարարական կոսնտրուկցիաների և Գծագրության և համակարգչային գրաֆիկայի ամբիոնների 7 դասախոսներ, որոնց «Autodesk» ընկերության կողմից շնորհված հավաստագրերը հանձնեց ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը:

Ռեկտորը շնորհավորեց և կարևորեց երիտասարդ մասնագետների ներգրավվածությունը՝ համոզված լինելով, որ այն իր հերթին կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանն ու արդիականցմանը կրթական ծրագրերում: ««Autodesk» ընկերության հետ համագործակցության շնորհիվ համալսարանի կրթական ծրագրերում «Շինությունների տեղեկատվական կառավարման (BIM) մոտեցումների» ներդրման գործընթացը նույնպես առավել արդյունավետ կկազմակերպվի»,− իր խոսքում ընդգծեց ռեկտորը:

ՃՇՀԱՀ-ում ուսանողները և մասնագետները կարող են մասնակցել «Autodesk»-ի ծրագրակազմերի հավաստագրման քննություններին նախապատրաստվելու դասընթացների ու հանձնել հավաստագրման քննություններ՝ ձեռք բերելով իրենց գիտելիքներն ու հմտությունները հավաստող միջազգայնորեն ճանաչելի հավաստագիր։

ՃՇՀԱՀ-ում ներկայումս դասավանդվում են «Autodesk»-ի «Revit», «AutoCAD», «3dsMax», «Civil 3D» և «Maya» ծրագրակազմերը։

14.04.22