2015 թվականի մայիս ամսից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ), այլ գործընկեր համալսարանների/ հաստատությունների հետ միասին իրականացնում է ESPAQ Տեմպուս նախագիծը, որը ֆինանսավորվում է Եվրոպական Հանձնաժողովի կողմից: Ծրագիրն ուղղված է Հայաստանի բարձրագույն կրթության կարևոր խնդիրներից մեկին` կրթության որակի և վերջնարդյունքների ապահովմանը՝ որակի ապահովման գործընթացում ուսանողների ներգրավման և նրանց ուսումնառության փորձառության ընդլայնման միջոցով:
ՃՇՀԱՀ-ի պատվիրակությունը (Ի. Վանյան, Ս. Կոստանյան, Հ. Հովեյան, Հ. Սարգսյան) Եվրոպական Ուսանողության Միության (ESU) հրավերով այցելեց Բելգիայի Բրյուսել քաղաք` ESPAQ Տեմպուս ծրագրի շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի 9-10-ը կայացած վարչական ամփոփ հանդիպմանը և խորհրդատվական խորհրդի եզրափակիչ նիստին մասնակցելու նպատակով:
ՃՇՀԱՀ-ի պատվիրակության անդամները ակտիվորեն մասնակցեցին վարչական հանդիպման ժամանակ ընթացող քննարկումներին, ինչպես նաև հանդես եկան իրենց առաջարկներով Երևանում 2017 թվականի նոյեմբերի 14-ին կայանալիք ESPAQ Tempus ծրագրի փակման կոնֆերանսի կազմակերպչական հարցերի վերաբերյալ: Ի. Վանյանը ներկայացրեց ESPAQ Tempus ծրագրի շրջանակներում կրթության որակի ապահովման գործընթացներում ՃՇՀԱՀ-ի ուսանողների ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ իրականացված միջոցառումները: Մասնավորապես Ի. Վանյանը նշեց, որ ՃՇՀԱՀ-ում հիմնվել և արդյունավետ գործում է ուսանողների շրջանում պարբերաբար անցկացվող հարցումների մեխանիզմ, որի միջոցով իրականացվում է ուսանողների կարծիքների հավաքագրում բուհի ուսումնական գործառույթների և դասավանդման մեթոդների վերաբերյալ: Հարցման արդյունքները հիմք են հանդիսանում կրթության որակի բարձրացմանն ուղղված հետագա բարեփոխումների համար։