2021-2022թթ․ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) իրականացրել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պետական ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթաց, որի նպատակն էր հաստատել համալսարանի գործունեության համապատասխանությունը ազգային և եվրոպական ստանդարտներին և չափանիշներին:
ՈԱԱԿ-ն անկախ կառույց է, որը ստեղծվել է ՀՀ կառավարության 2008թ. նոյեմբերի 27-ի թիվ 1486-Ն որոշմամբ՝ նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումների իրականացման նպատակով: 2017 թվականից ՈԱԱԿ-ը Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) լիիրավ անդամ է։
Նոյեմբերի 29–ին ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի նիստում քննարկվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ ինքնավերլուծությունը և փորձագիտական զեկույցը, դիտարկեց, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվեց նաև, թե որքանով է իրատեսական ուսումնական հաստատության բարելավման ծրագիրը։ Հանձնաժողովի որոշմամբ` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում ՝ 6 տարի ժամկետով։