(010) 303-300

ՃՇՀԱՀ-Ը ՉԱՓԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱՆԴԱՄ

Օրերս ԱՄՆ-ում տեղի ունեցավ Չափագրողների միջազգային ֆեդերացիայի (FIG-International Federation of Surveyors) հավաքը, որին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը դիմել էր ֆեդերացիայի ակադեմիական անդամ դառնալու համար: Տեղի ունեցած քվերակության արդյունքում ՃՇՀԱՀ-ը միաձայն դարձավ Չափագրողների միջազգային ֆեդերացիայի ակադեմիական անդամ, իսկ ՀՀ Կադաստրի կոմիտեն՝ փոխկապակցված անդամ: Չափագրողների միջազգային ֆեդերացիան (FIG) միջազգային առաջատար կազմակերպություն է, որը ներկայացնում է չափագրողների շահերն ամբողջ աշխարհում: FIG-ը հիմնադրվել է 1878 թվականի հուլիսի 18-ին Փարիզում՝ Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի և Շվեյցարիայի ազգային ասոցիացիաների պատվիրակների կողմից։ ՄԱԿ-ի կողմից ճանաչված ոչ կառավարական կազմակերպություն է, որը ներկայացնում է ավելի քան 120 երկիր ամբողջ աշխարհում:

Համալսարանի համար սա մեծ հնարավորություն է, քանի որ սկիզբ է դրվելու մասնագիտական ոլորտի զարգացման և կատարելագործման մի նոր փուլի, որն էապես կբարձրացնի ոլորտի մասնագետների և մատուցվող ծառայությունների որակը, մասնագետների և ուսանողների համար կլինի նոր հարթակ` իրենց ունակությունների և գիտելիքների զարգացման, արդիականացման ու կատարելագործման ուղղությամբ, ինչպես նաև ՀՀ-ն մուտք է ունենալու միջազգային չափագրողների համայնք։

08.06.23