Օրերս ՃՇՀԱՀ ՋԳՄՕ ամբիոնի դոցենտ, Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ավետիսյանը հրավիրված էր մասնակցելու Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ցվիկաուի Կիրառական գիտությունների համալսարանում իրականացվող կոնֆերանսի, որին մասնակցում էին 70-ից ավելի երկրների ինչպես շրջանավարտներ, այնպես էլ հրավիրյալ գիտնականներ: Հետագա կրթության և վերապատրաստման այս միջոցառմանը, որի նպատակն է կենտրոնանալ «Միջազգային գիտության» ոլորտում առկա միտումների և զարգացումների վրա, հնարավորություն էր ընձեռում ծանոթանալ գերմանական առևտրային ընկերություններին և բազմաթիվ կապեր հաստատել այլ շրջանավարտների, դասախոսների, աշխատակիցների և ուսանողների հետ: Կոնֆերանսի շրջանակներում Արթուր Ավետիսյանը հանդես եկավ դասախոսությունով, որի թեման էր՝ «Կանաչ էներգիայի հեռանկարները Հայաստանի էներգետիկ անվտանգության համատեքստում. միջազգային միտումներ և նոր հնարավորություններ»: Դասախոսության վերջում նախատեսված էր հարց ու պատասխանի հատված, որի ժամանակ ծավալվեցին ակտիվ քննարկումներ, քանի որ թեման հետաքրքիր էր և՛ կազմակերպիչներին, և՛ մասնակիցներին:
«Դասախոսությունում հատուկ ընգծված էր ատոմային էներգետիկան, որը 2022թ. Եվրահանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես կանաչ էներգիայի մաս: Այս նպատակով առանձնացրել էի Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, գիտատեխնիկական ներուժը, մասնագիտական ներուժը՝ շեշտելով, որ ՀՀ-ն միակ պետությունն է , որը վերագործարկել է արդեն չգործող ատոմակայանը»:-նշեց Պարոն Ավետիսյանը:
Արթուր Ավետիսյանի խոսքով Հայաստանը այս ոլորտում կկարողանա զարգանալ և զարգացնել իր հմտությունները, քանի որ ՀՀ-ն ամենամեծ պոտենցիալ ունեցող երկրներից է: