«Փախստականների որակավորումների ճանաչման ազգային մեխանիզմների հզորացում» Եվրախորհրդի կողմից տրամադրվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչ, Արտասահմանցի սովորողների բաժնի վարիչ Տաթևիկ Հակոբյանը, Երևանի պետական համալսարանի ներկայացուցչի և Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) փորձագետների հետ համատեղ՝ փորձի փոխանակման նպատակով, մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բոնն քաղաքում կայացած «Փախստականների որակավորումների Եվրոպական անձնագիր EQPR» թեմայով ուսումնական այցին:
Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր բուհից ընտրվել է մեկական ուսանող, և նրանց փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա նախապատրաստվել և իրականացվել են գնահատման սեսիաներ: ՃՇՀԱՀ ներկայացուցիչը, հաշվի առնելով 2024-2025 ուստարում բուհի Օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական խումբ դիմած Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների հոսքը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի յուրահատկությունները, նախընտրել է դիտարկել բանգլադեշցի դիմորդի փաստաթղթերը փորձաքննության ենթարկելու անհրաժեշտությունը:
Այնուհետև կայացավ «Ազգային մեխանիզմների բարելավումը փախստականների որակավորումների ճանաչման համար (NATREQ-RQ)» Եվրոպական խորհրդի դրամաշնորհային ծրագրի եզրափակիչ հանդիպում-սեմինարը, ինչպես նաև ծրագրի շրջանակներում ԱՓՇԱՏԿ-ի, ՀՀ Կրթության և գիտության կոմիտեի, ԵՊՀ-ի և ՃՇՀԱՀ-ի ներկայացուցիչների կողմից մշակված և տպագրված որակավորումների ճանաչման երկլեզու (անգլերեն և հայերեն) ձեռնարկի ներկայացումը: Ձեռնարկը նախատեսված է ՀՀ բուհերի այն անձնակազմի համար, որը պատասխանատու է օտարերկրյա որակավորումների գնահատման, ինչպես նաև բուհ ընդունելության համար: