(010) 303-300

 ՃՇՀԱՀ ԷՐ ԱՅՑԵԼԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՊԻՈՏՐ ԿՈՍԻՆՍԿԻՆ

Էրազմուս+ միջազգային դրամաշնորհային ծրագրի՝ KA 171 շրջանակում օրերս ՃՇՀԱՀ-ը հյուրընկալեց Լեհաստանի Օլշտինի Վարմիա և Մազուրի գործընկեր համալսարանի Գեոդեզիայի և քաղաքաշինության ինստիտուտի դասախոս, դոցենտ Պիոտր Կոսինսկուն:
Վերջինս հանդիպումներ ունեցավ համալսարանի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով Վարմիա և Մազուրի համալսարանի գործունեությանն ու կրթական ծրագրերին առնչվող մանրամասները։

ՃՇՀԱՀ միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, ողջունելով հյուրին, կարևորեց առկա համագործակցությունը գործընկեր հաստատության հետ՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով ընդլայնել ակադեմիական կապերն ուսանողության, պրոֆեսորադասախոսական կազմի, գիտահետազոտական և գիտագործնական նախագծերի իրականացման ձևաչափերով։ Կազմակերպվեց շրջայց բուհի Ինժեներական գեոդեզիայի լաբորատորիաներում։

Այցի ընթացքում Պիոտր Կոսինսկին հանդես եկավ նաև դասախոսություններով՝ «Շենք/շինությունների ֆիզիկա. ջերմամեկուսացում և հիդրոջերմային ախտորոշում»,  «Շենք/շինությունների էներգետիկ սերտիֆիկացում, կառույցների էներգետիկ աուդիտ» թեմաներով՝ Ճարտարապետության, Շինարարության, Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի թիրախային լսարանի համար:  

Հավելենք, որ համագործակցության շրջանակում ՃՇՀԱՀ Ինժեներական գեոդեզիայի բակալավրիատի չորրորդ կուրսի ուսանողը փոխանակման ծրագրով մեկ կիսամյակ ուսանում է Օլշտինի Վարմիա և Մազուրի համալսարանում։

15.10.25