(010) 303-300

ՃՇՀԱՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԻՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի աշակերտները մասնակցել են Ամերիկահայ գիտնականների և ճարտարագետների ընկերակցության (AESA) ամենամյա գիտական օլիմպիադայի մրցանակաբաշխությանը:

Գիտական օլիմպիադան իրականացվել է առցանց տարբերակով, իսկ արդեն մրցանակաբաշխությանը ներկա էին բոլոր մասնակիցները: Օլիմպիադայի հիմնական նպատակն էր դպրոցականների շրջանում խթանել գիտության նկատմամբ հետաքրքրությունը:

Ամենամյա գիտական օլիմպիադան ֆիզիկայի, բնական, սոցիալական գիտությունների, ճարտարագիտության և քիմիայի ոլորտների ընդգրկմամբ ակադեմիական մրցույթ է, որն անցկացվում է հիմնական դպրոցի 6-8-րդ դասարանների և ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտների համար:

ՃՇՀԱՀ ավագ դպրոցը ներկայացել է աղջիկների և տղաների 2 տարբեր խմբերով: Տղաների թիմը՝ Արեգ Մոսիկյանը, Հայկ Հյուսիսյանը, Դավիթ Վարդանյանը, ինժեներություն անվանակարգում զբաղեցրել է 3-րդ պատվավոր հորիզոնականը: Դպրոցականները ներկայացրել են ջրածնային շարժիչ ստեղծելու նախագիծ, որը կկարողանա քչացնել արտանետումների քանակը՝ բնությանը հնարավորինս քիչ վնաս հասնցելու նպատակով:

Տղաների թիմը պարգևատրվել է շնորհակալագրով, մեդալով և դրամական պարգևով, որը նրանք ցանկանում են ներդնել կրթության մեջ՝ գիտելիքների զարգացման և ոլորտում հմտանալու համար:

Աղջիկների թիմը՝ Սոֆի Բաբայանը, Գայանե Ժամկոչյանը, Լիլյա Ազիզյանը, ներկայացրել է «Պոլիէթիլենային թափոնների կիրառումը ասֆալտի մեջ» նախագիծը և Ֆիզիկա անվանակարգում արժանացել է պատվավոր մասնակցի կոչմանը:

Նախքան օլիմպիադային մասնակցելը բացի դպրոցի ուսուցիչների աջակցությունից, աշակերտներին նախապատրաստական աշխատանքներում աջակցել է նաև ՃՇՀԱՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը, համալսարանի լաբորատորիաներում կատարվել են տարբեր փորձեր, իրականացվել քննարկումներ՝ առավելագույնը ներկայացնելու համար:

10.04.24