(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ 2-ՐԴ ԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿԻ

Կայացավ «Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2024» միջոցառման ամփոփիչ փուլը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ փառատոնը իրականացվում է արդեն 4-րդ անգամ և նպատակ ունի դպրոցահասակների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրություն սերմանելու, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացման:

Փառատոնում այս տարի ներկայացված էին շուրջ 70 հետազոտական աշխատանք՝ «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ» անվանակարգերում։

Այս տարի համադպրոցական գիտության փառատոնը կազմակերպչական նորություն ուներ. այն է ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները ևս պետք է մասնակցեին նախագծերի գնահատմանը՝ հանդես գալով գիտական կազմակերպությունների ներգրավմամբ ստեղծված հանձնաժողովում։

Փառատոնին արդեն 4-րդ տարին մասնակցում են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ․ Աբեղյանի անվան ավագ դպրոցի աշակերտները և գրանցում հաջողություններ: Այս տարի 12-րդ դասարանի աշակերտներ Արմեն Մելիքսեթյանը և Հայկ Ղահրամանյանը, Ֆիզիկա առարկայի ուսուցչուհի Լիանա Առուստամյանի ղեկավարությամբ, «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում «Ապահով կառույցներ՝ ապահով երկիր» նախագծով արժանացել են 2-րդ կարգի մրցանակի:

Գնահատող հանձնաժողովի կողմից ամենաբարձր գնահատականների արժանացած «Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2024»-ի նախագծերը կներկայացվեն «Երիտասարդ գիտնականների համար ԵՄ մրցույթ (EUCYS)»-ին, որը տեղի կունենա Լեհաստանում։

16.04.24