Ավանդույթի համաձայն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների ավարտական փաստաթղթերի հանձման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Գառնիի տաճարի բակում: Ուսանողներ, ովքեր տարիներ առաջ էին ոտք դրել համալսարան, վերցրել գիտելիքի դրոշը, այսօր արդեն բարձր պահելով այն դարձել են իրենց հարազատ կրթօջախի դրոշակակիրները: Այս տարի համալսարանն ավարտեց շուրջ 650 շրջանավարտ:
Միջոցառումը մեկնարկեց ֆակուլտետային խորհրդանիշ-դրոշների փոխանցմամբ. շրջանավարտներն իրենց իմացության ու վարպետության դրոշները փոխանցեցին առաջինկուրսեցիներին:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո ՃՇՀԱՀ-ի շրջանավարտներին շնորհավորեցին և մասնագիտական ձեռքբերումներ մաղթեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կառուցապատողների Հայկական Ասոցիացիայի հիմնադիր և խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը, ՀՀ վաստակավոր և ժողովրդական նկարիչ ՃՇՀԱՀ պատվավոր պրոֆեսոր Հրանտ Թադևոսյանը, համալսարանի բարեկամները և այլ պատվավոր հյուրեր:
Ամփոփելով միջոցառումը ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը ողջունելով բոլորին նշեց, որ միջոցառման վայրը պատահական չէ ընտրված և այն իր մեջ ամփոփում և արտահայտում է մեր համալսարանի գրեթե բոլոր մասնագիտությունները:
«Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ մասնագիտություն ստանալու և համալսարանը բարեհաջող ավարտելու այս, հիրավի, հիշարժան օրվա առթիվ: Համոզված եմ, որ մասնագիտական գործունեության բոլոր ոլորտներում դուք պահանջված եք, քանի որ ստացել եք հիմնավոր գիտելիքներ: Վստահեցնում եմ, որ մեր համալսարանը Ձեզ ուղեկից է լինելու և աջակցելու է մասնագիտական գործունեության ողջ ընթացքում»-, ողջույնի խոսքում ասաց պարոն Վարդանյանը:
Անդրադառնալով առաջին կուրսի ուսանողներին ռեկտորը վստահեցրեց, որ նրանք ստանալու են միջազգային չափանիշներին համապատասխան, որակյալ և հիմնավոր կրթություն, ունենալու են հիշարժան ուսանողական կյանք, հնարավորություն են ունենալու մասնակցելու միջազգային բազմաթիվ փոխանակման ծրագրերի:
Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո շրջանավարտների համար ելույթ ունեցավ YereOne Project երաժշտանական բենդը, իսկ միջոցառումը վարեց հայտնի հաղորդավար, ՃՇՀԱՀ շրջանավարտ Արամ Չախոյանը:
Միջոցառման նկարները կարող եք տեսնել հետևյալ հղումով: