(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԼՍԱՐԱՆԸ ԵՎ «ՀԱՅ ՓՈՍՏԸ» ԿՆՔԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը և «Հայ փոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: 

Նոր  համագործակցությունը արդյունավետ հարթակ կծառայի համատեղ ծրագրերի իրականացման համար, կնպաստի ուսանողների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև գործնական փորձի հարստացմանը:

Ինչպես նշում է «Հայ փոստի» գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, «Համագործակցության համար շնորհակալ ենք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին: Մեր ընկերությունում արդեն իսկ աշխատում են համալսարանի շրջանավարտներից շատերը, իսկ ուսանողները մեր պրոֆեսիոնալ աշխատակիցների օգնությամբ կստանան պրակտիկ գիտելիքներ և ակտիվորեն կմասնակցեն վերաբրենդավորվող բաժանմունքների ճարտարապետական, դիզայներական և, իհարկե, շինարարական աշխատանքներին: Լավագույնները հնարավորություն կունենան իրենց կարիերան սկսելու արագ տեմպերով զարգացող մեր ընկերությունում»: 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ողջունելով ներկաներին, նշեց. «Որակյալ կրթությունը  զարգացման կարևորագույն ուղենիշներից է, և այս համատեքստում կարևորում եմ  «Հայ փոստի» հետ համագործակցության վավերացումը: Հենց նմանօրինակ համագործակցությունների արդյունքում է ձևավորվում գործատու- ուսանող ամուր կապը, իսկ համալսարանը, իր բոլոր հնարավորությունները ներդնելով,  պատրաստում է այնպիսի մասնագետներ, որոնք առանց խոչընդոտների ինտեգրվում են աշխատաշուկայում, և ուրախ եմ, որ «Հայ փոստում» աշխատում են մեր շրջանավարտները, և այսուհետ ուսանողներին հնարավորություն կտրվի իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնելու նաև ձեր կազմակերպությունում: Այն ոչ միայն կնպաստի մեր ուսանողների կրթական և ուսումնագիտական ծրագրերով պրակտիկ աշխատանքների կազմակերպմանը, այլև մեր երկու կողմերի’ համալսարանի և «Հայ փոստի» աշխատակիցների համար ստեղծագործական լայն հնարավորությունների հարթակ կձևավորվի: Վստահ եմ, որ հուշագրով նախատեսված՝ տարբեր հարթակներում  մասնագիտական քննարկումների,  սեմինարների, բաց դասերի կազմակերպումը նպաստելու է գիտատեխնիկական ոլորտում նոր ու հետաքրքիր առաջարկների ձևավորմանը: Բարի երթ եմ մաղթում բոլորիս»:

«Հայ փոստի» մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն Լիդիա Ղազարյանն ընդգծեց. «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համագործակցության շնորհիվ «Հայ փոստը որակյալ աշխատանքով կապահովի ուսանողներին իր ջերմ և պրոֆեսիոնալ միջավայրում: «Հայ փոստը», լինելով ՀՀ ամենամեծ ընկերություններից մեկը, մշտապես ունի երիտասարդ, նախաձեռնող աշխատակիցների կարիք»:

Հուշագրով նաև ամրագրվեց բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների կազմակերպումը «Հայ փոստում»։ 

Հանդիպման ավարտին Հայկ Կարապետյանը և Եղիազար Վարդանյանը պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի հետ քննարկեցին ճարտարապետության, շինարարության, դիզայնին և լոգիստիկային վերաբերող հարցեր, ինչպես նաև դրանք «Հայ փոստում» ներդնելու առավել արդյունավետ ձևաչափերը:

 

31.03.22