(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Օրերս Իտալիայի Վենետիկի Սուրբ Ղազար կղզում կայացավ «Ճարտարապետական ժառանգություն և ժամանակակից ճարտարապետություն» խորագրով (ICAHCA) միջազգային գիտաժողովը, որի ընթացքում մասնակիցները՝ Հայաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Սերբիայից և Ֆրանսիայից, հանդես եկան զեկուցումներով: Գիտաժողովի նպատակն էր ճարտարապետական հուշարձանների, պատմական լանդշաֆտի պահպանությունը, քաղաքային միջավայրի, ինչպես նաև հարմարավետ նոր տարածքների ստեղծման հրատապ խնդիրների լուծման ուղիների բացահայտումը։

Ընդհանուր առմամբ տարբեր երկրներից ստացվել էին հիսունչորս գիտական զեկույց, որոնց շարքում էին հայկական ճարտարապետական ժառանգությանն առնչվող այնպիսի ծանրակշիռ զեկույցներ, ինչպիսիք են ճարտարապետ Արա Զարյանի «Ճարտարապետականժառանգության որմնանկարների պահպանության խնդիրները», Արցախից տեղահանված Մանուշակ Տիտանյանի «Արցախի մահմեդական դամբարաններերի առնչությունները հայկական ճարտարապետության հետ», Վանյա Վեդեքինդի «Հավերժության գաղտնիքը», Մաթիլդ Վենեցիանոյի «Հայաստանում մշակութային ժառանգության կանխարգելիչ պահպանումը. Գեղարդավանքի ներքին տարածքների նախնական ուսումնասիրություն», Գայանե Կազնաթի, Էմմա Հարությունյանի, Նանար Քալանթարյանի և Լորենցա Փեթրինի խմբի՝ «Երերույք տաճար. պահպանության համագործակցային և բազմադիսցիպլինար նախագիծ», Քրիստին Լամուրի «Որմնանկարների՝ հատկապես ճակատների վրա պահպանման նյութերի խնդիրների մասին», Համլետ Պետրոսյանի «Հայկական պատմամշակութային հուշարձանների վիճակը Արցախի բռնագրավված տարածքներում և ռուս խաղաղապահների դերակատարումը դրանում» և բազմաթիվ այլ բովանդակալից զեկույցներ:

Բոլոր ներկայացված զեկուցումների համառոտագրերը տպագրվել են առանձին գրքով, իսկ գիտաժողովի զեկուցումները հոդվածի տեսքով կտպագրվեն Scopus գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված պարբերականում:

2024թ. գիտաժողովը նախատեսվում է անցկացնել Հայաստանում:

Միջազգային գիտաժողովի պաշտոնական բացմանը նախորդեց IACOBUS+ միջազգային կրթական ծրագրի շրջանակներում կազմակերպված Մխիթարյան Միաբանության Սուրբ Ղազար կղզու և Վիեննայի պատմական համալիրների ռեգեներացիայի ուսանողական աշխատանքների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը:

Գիտաժողովի բացման ժամանակ ՃՇՀԱՀ գիտության գծով պրոռեկտոր, ֆ.մ.գ.դ. Մանուկ Բարսեղյանն ընթերցեց ռեկտոր, տ.գ.դ., պրոֆ. Եղիազար Վարդանյանի ողջույնի խոսքը, որից հետո փոխանցվեցին մշակութային մասունքներ՝ հարստացնելու համամարդկային արժեք հանդիսացող Մխիթարյան Միաբանության հարուստ հավաքածուն։ ՃՇՀԱՀ-ի կողմից նվիրաբերվեցին ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանի «Փուշը Արարատի» յուղաներկ կտավը, ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանի «Դանթեն և Չարենցը» և Հարություն Սամուելյանի «Թռչուն» (Քամի շարքից) լիտոգրաֆիաները, ճապոնացի նկարիչ Կունիտո Նագաոկայի՝ բրնձի թղթի վրա չինական թանաքով կատարված «Նորատուսի Խաչքար» և քանդակագործ Գուրգեն Հակոբյանի «Նվիրում» բրոնզե աշխատանքները:

Համալսարանի նվերները լրացվեցին նաև հայ-գերմանական համագործակցության արդյունքում հրատարակված «Armenia. Culture, nature, people», ճարտարապետության դոկտոր Աշոտ Հայկազուն Գրիգորյանի վերջին տարիներին հրատարակած թվով հինգ պատկառելի գրքերը, որոնց թվում՝ Ստամբուլահայ Պալյան ճարտարապետների, իտալահայ ճարտարապետ Լևոն Կյուրեղյանի, խորհրդահայ տաղանդաշատ ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի ստեղծագործությունը ներկայացնող գրքերը, ինչպես նաև՝ «Հայ քրիստոնեական ճարտարապետությունը և նախաքրիստոնեական մշակույթի ներգործությունը»: Արցախի ժառանգության հետազոտական խմբի կողմից նվիրաբերվեցին նաև «Հանդաբերդի վանքը և նրա պեղումները» գիրքը:

Իր կողմից Մխիթարյան միաբանության՝ Սուրբ Ղազար կղզու մայրավանքի պատասխանատու Հայր Համազասպ Քեշիշյանը ՃՇՀԱՀ-ին որպես նվեր հանձնեց «Հայկական մանրանկարչություն» շքեղ հրատարակությունը և Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» տասնութ լեզուներով թարգմանված աղոթագիրքը:

20.11.23