(010) 303-300

«ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Վիեննայում մեկնարկեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կազմակերպած «Ճարտարապետական ժառանգություն և ժամանակակից ճարտարապետություն» (ICAHCA) խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովը:

Գիտաժողովը բացեց Հայ առաքելական եկեղեցու թեմի և Ավստրիայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անդրեաս Իսախանյանը՝ իր ջերմ և խորհրդանշական ողջույնի խոսքով.«Հարգելի՛ մասնակիցներ, ողջունում եմ ձեր ներկայությունը այստեղ: Շատ խորհրդանշական է, որ գիտաժողովը իրականանանում է Վիենայի հայ համայնքում։  Առաջին ճարտարապետը եղել է Աստված, և Նա իր ձեռքով ստեղծել է ճարտարապետության գլուխգործոցը՝ մարդուն: Մնացածը ստեղծվել է մտքով: Սա հիշեցնում է, որ ճարտարապետությունը պահանջում է միտք, խոսք և ձեռք, որոնք խորհրդանշում են գործ»:

Տեր Իսախանյանի խոսքից հետո մասնակիցները միասնական աղոթքով բացեցին գիտաժողովը՝ արտահայտելով հաղորդակցությունը, հոգևոր և մասնագիտական միությունը:

ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանի անունից ողջույնի խոսքը փոխանցեց Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը.

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական համայնքի և անձամբ իմ անունից` ջերմորեն ողջունում եմ Ձեզ: Այսօր Հայաստանում մշակութային ժառանգության պահպանության, պատմական բնակավայրերի և տարածական պլանավորման ոլորտում ձևավորվել է նոր որակի պետական քաղաքականություն։ Այս համատեքստում մեր համալսարանը՝ որպես առաջատար, իր արժանի տեղն ու առաքելությունն ունի՝ պատրաստելու բարձրակարգ մասնագետներ՝ ճարտարապետներ-վերականգնողներ, տարածական պլանավորման և հարակից ոլորտների մասնագետներ։

Առանձնակի կարևորում եմ երիտասարդ գիտնականների մասնակցությունը միջազգային գիտաժողովներին, սիմպոզիումներին, գիտական և մասնագիտական հետազոտություններին։ Այս գիտաժողովը ևս բացում է նոր հորիզոններ ոլորտային կապերի զարգացման և համագործակցության ամրապնդման համար՝ հնարավորություն ընձեռելով ընդլայնել փոխգործակցության աշխարհագրությունը գիտահետազոտական և կրթական ոլորտներում»-իր խոսքում նշել էր ռեկտոր Մանուկ Բարսեղյանը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան  նաև Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերանի պրոֆեսոր Մաթիլդ Լա Վինյուն և Իսպանիայի ճարտարապետական նախագծերի ֆակուլտետի դեկան, գիտաժողովի գիտական կոմիտեի անդամ Քրիստոբալ Կրեսպոնը:

Գիտաժողովը համակազմակերպիչներն են Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը, «ԻԿՈՄՕՍ/Հայաստան» ազգային կոմիտեն, Վիեննայի Հովհաննես Շիրազի անվան հայկական դպրոցը, հայ համայնքը և Մխիթարյան Միաբանությունը:

Միջազգային գիտաժողովը մեկ անգամ ևս ընդգծում է հայկական ճարտարապետական ժառանգության կարևորությունը, համադրում պատմական փորձն ու ժամանակակից մոտեցումները և ստեղծում հարթակ գիտելիքի, փորձի ու համագործակցության արդյունավետ փոխանակման համար:

12.11.25