ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էին այցելել ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը, Ժնև քաղաքի Արվեստի և դիզայնի համալսարանի Ճարտարապետության և արվեստի դեպարտամենտի ղեկավար Խավիեր Ֆերնանդես Կոնտրերասը, «Սովորենք քարից» ամառային դպրոցի հեղինակ, դասախոս Իռմա Գալիցյանը և դասախոսական թիմի ասիստենտ Լեռնա Բաղջյանը: Այցի նպատակն էր ծանոթանալ համալսարանի ուսումնագիտական գործընթացին և քննարկել հնարավոր համագործակցության հետագա ուղիները: Հյուրերը շրջայց կատարեցին համալսարանում, այցելեցին համալսարանի լաբորատորիաներ և արվեստանոցներ:
Այնուհետև ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը. «Ողջունում եմ բոլորին, շատ ուրախ եմ Ձեզ այստեղ տեսնել: Համալսարանը շարունակում է զարգացնել միջազգային համագործակցությունները: Եվ որպես նոր քայլ շատ եմ կարևորում նաև այս կարևոր միջոցառումը, քանի որ վստահ եմ, որ և՛ կրթության, և՛ գիտության զարգացման համար իրապես կարևոր է միջազգային հարաբերությունների զարգացումը, ինչը, շնորհիվ մեր գործընկերների, անընդհատ զարգանում է: Լիահույս եմ, որ համագործակցությունը շարունակական կլինի՝ ի շահ բուհի և երկրի զարգացմանը»:
Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը նշեց. «Ողջունելով բոլորին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Շատ ուրախ եմ համագործակցելու ՃՇՀԱՀ-ի հետ և վստահ եմ, որ այս համագործակցությունը հետագայում կշարունակվի նաև աշխարհատեղեկատվական ոլորտում»:
«Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այս համալսարանում, կարևորելով այս համագործակցությունը ես այստեղ եմ նաև Ձեզ հետ քննարկելու ևս մեկ համագործակցության առաջարկ, որը արդեն Ժնև քաղաքի Արվեստի և դիզայնի համալսարանի հետ է: Մեր համալսարանն ունի 3 հստակ չափորոշիչներ, դրանք են կրթականը, համագործակցությունը մասնավոր կառույցների հետ և գիտական հետազոտությունները: Մենք կսկսենք Workshop-ից, որից հետո համագործակցությունը կլինի առավել խորը ներգրավվածությամբ»- նշեց Արվեստի և դիզայնի համալսարանի Ճարտարապետության և արվեստի դեպարտամենտի ղեկավար Խավիեր Ֆերնանդես Կոնտրերասը:
Նշենք նաև, որ սեպտեմբերի 2-ից մեկնարկել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Ժնև քաղաքի Արվեստի և դիզայնի համալսարանի և Թումո կենտրոնի համատեղ կազմակերպած «Սովորենք քարից» ամառային դպրոցը երկու համալսարանների ուսանողների մասնակցությամբ:
Հանդիպման ավարտին կողմերն արժևորեցին այս հանդիպումը, նշելով որ այն կարևոր քայլ էր փոխադարձ համագործակցության ամրապնդման և հետագա համատեղ ծրագրերի մշակման համար, ինչպես նաև կարևորվեց Դիզայնի ֆակուլտետի հետ համագործակցությունը: