(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀՀ-ՈՒՄ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱԴԻԹՅԱ ԿՈՒՄԱՐ ՊԱՆԴԵՅԻ ԱՅՑԸ ՃՇՀԱՀ

Օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան այցելեց ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Ադիթյա Կումար Պանդեյը: Այցի նպատակն էր ծանոթանալ համալսարանի ուսումնագիտական գործընթացին, ուսումնական և հետազոտական լաբորատորիաներին, քննարկելու Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների՝ մեր համալսարանի մասնագիտություններով ուսումնառելու վերաբերյալ խնդիրները:

Ադիթյա Կումար Պանդեյը շրջայց կատարեց համալսարանի լաբորատորիաներ և արվեստանոցներ: Այնուհետև Ադիթյա Կումար Պանդեյին ողջունեց ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը: Հանդիպմանը ներկա էին Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, Աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանը, Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը, Լեզուների կենտրոնի ղեկավար Սիրանուշ Հովհաննիսյանը, Արտասահմանցի սովորողների բաժնի գլխավոր մասնագետ Նազելի Դավոյանը:

Ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը ներկայացրեց համալսարանի ուսումնագիտական գործընթացը, քննարկվեցին «Ճարտարապետություն» և «Շինարարական ճարտարագիտություն» մասնագիտությունների պետական դիպլոմների Հնդկաստանում ճանաչելու և կրթության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերը:

Կողմերը երկուստեք արժևորեցին այս հանդիպումը, ընդ որում Ադիթյա Կումար Պանդեյն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել համալսարանին Հնդկաստանում «Ճարտարապետություն» և «Շինարարական ճարտարագիտություն» մասնագիտությունների պետական դիպլոմների ճանաչելու գործընթացը սկսելու հարցում:

Հանդիպման ավարտին ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը Ադիթյա Կումար Պանդեյին նվիրեց Հայաստանի Հանրապետության ժողովրդական և վաստակավոր նկարիչ, ՃՇՀԱՀ պրոֆեսոր Հրանտ Թադևոսյանի նկարների գիրքը:

11.06.24