(010) 303-300

«ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ» ՆՎԻՐՎԱԾ ՊՐՈՖԵՍՈՐ ՊԱՐՈՆ ԲՈՒԲՈՒՇՅԱՆԻՆ

Դիզայն ֆակուլտետը իրականացրեց «Հիշատակի օր» նվիրված պրոֆեսոր Արմեն Բուբուշյանին, նրա մասնագիտական գործունեությանը, դիզայնի ֆակուլտետի կայացման գործում ունեցած իր նշանակալի ներդրմանը: 2014-2021 թվականներին Արմեն Բուբուշյանը ղեկավարել է ՃՇՀԱՀ դիզայնի ֆակուլտետը։ Նրա ղեկավարման տարիներին ֆակուլտետը գրանցել է նշանակալի հաջողություններ դառնալով համալսարանի առաջատար ֆակուլտետներից մեկը։ Պարոն Բուբուշյանը հեղինակել է ավելի քան 300 իրագործված դիզայներական նախագծեր, 200 «Մաքուր արվեստի» (Fine-Art) ստեղծագործությունների, թվով 10 հասարակական ու անձնական օգտագործման համար նախատեսված շենքերի իրականացված ճարտարապետական նախագծեր։ Արմեն Բուբուշյանը մեծ ներդրում է ունեցել կրթական և հատկապես մասնագիտական ոլորտներում և իր գիտելիքներով կրթել է բազում սերունդներ: Միջազգային հարթակներում միշտ բարձր է պահել համալսարանի և ֆակուլտետի անունը, իր բեղուն աշխատանքային գործունեության շնորհիվ ուսանողները բազում մրցանակներ ու պատվոգրեր են ստացել:

 «Հիշատակի օրը» հենց պրոֆեսորի ծննդյան օրն էր: Միջոցառմանը ներկա էին  համալսարանի ղեկավարությունը,  դասախոսները, պրոֆեսորի տարբեր տարիների ուսանողները, ինչպես նաև ընտանիքի անդամներն  ու հարազատները:

Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը ողջունելով բոլորին հայտնեց, որ պրոֆեսորը ծնվեց մի ժամանակաշրջանում, երբ Հայասատանում շատ մեծ կարիք կար դիզայնի հիմքերի կայացման, նոր հարցադրումների, ծրագրերի իրականացման: Նա արտակարգ մեծ աշխատանք է կատարել հատկապես գրաֆիկական դիզայնի ոլորտում, որտեղ ծնվում էին Հանրապետության բազմաթիվ նշանավոր ապրանքանիշեր:

Միջոցառման ընթացքում բացվեց պարոն Բուբուշյանին նվիրված «Նվիրում» ցուցահանդեսը, որը  բաղկացած էր երեք մասից. առաջին մասը այն ընթացքն էր, որը պարոն Բուբուշյանը ունեցել է ֆակուլտետում, երկրորդ մասը իր հեղինակային գործերի ցուցադրությունն էր, իսկ երրորդ հատվածը՝ իր կողմից ղեկավարած ուսանողների գործերն են:

Դիզայնի ամբիոնի վարիչ Աշոտ Բաղդասարյանը նշեց. «Մենք միշտ հիշում ենք պարոն Բուբուշյանին փորձում պահել ու ավելացնել այն բոլոր ավանդույթները, որը հենց իր օրոք ներդրվեց մեր ֆակուլտետում: Չեմ վախենա ասել, որ այս օրը մենք նաև տոնում ենք իր ծննդյան օրը, քանի որ նա բնույթով այնքան ակտիվ, կենսախինդ և արարող տեսակ էր, որ անգամ իր բացակայության պայմաններում, իր կոլեգաները, ընկերները, ուսանողները, ընտանիքի անդամները չեն կարող չհավաքել և չգնահատել Արմեն Բուբուշյանին: Պատահական չէ, որ աշխատանքները ցուցադրվում են նրա կողմից ձևավորված և ինչու չէ կարելի է ասել իր ձեռքերով կառուցված այս միջանցքում, որտեղ ամեն դետալի ընտրությունը կատարվում էր անձամբ իր կողմից, մասնագիտական բծախնդրությամբ և մեծ պատասխանատվությամբ: Նա գիտեր որ այս միջանցքը մի օր դառնալու է ցուցասրահ, որտեղ պարբերաբար ցուցադրվում են ուսանողների և դասախոսների աշխատանքները և այն պետք է լինի լավագույնը, ինչպիսին և կա»:

Ի հիշատակ պարոն Բուբուշյանի իրենց խոսքն ասացին նաև մի շարք դասախոսներ, ովքեր ժամանակին հանդիսացել են Արմեն Բուբուշյանի ուսանողները:

20.12.22