(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանի և Ճարտարապետության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների հետ: Հանդիպման սկզբում ՈՒԽ նախագահ Սուսաննա Հակոբյանը, ողջունելով բոլորին, նշեց․ «ՈՒԽ-ն տարիներ շարունակ ունի որդեգրած մի գեղեցիկ ավանդույթ․ դա առաջինկուրսեցիների հանդիպումն է համալսարանի ղեկավարության հետ՝ ի դեմս ռեկտոր Եղիազար Վարդանյանի։ Ուսանողների հետ հանդիպումները փաստում են, որ համալսարանը շատ անմիջական է և բաց յուրաքանչյուր ուսանողի համար։ Նմանօրինակ հանդիպումները կլինեն շարունակական, և սա լավ հարթակ է, սիրելի՛ ուսանողներ, ձեր հարցերն ու առաջարկները անմիջապես հայտնելու բուհի ղեկավարությանը»:

Ռեկտոր Եղիազար Վարդանյանը շնորհավորեց ուսանողներին համալսարան ընդունվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն, ուսանողական հետաքրքիր առօրյա․ «Մենք միասին ամեն ինչ անելու ենք, որ Ձեր ուսանողական տարիները կրթության, գիտության մշակութային, ժամանցային առումով շատ արդյունավետ ու հետաքրքրիր անցնեն: Մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, որ չենք բավարարվելու ուսումնական պլանով նախատեսված գործառույթներով․ ձեզ ընձեռելու ենք լրացուցիչ հնարավորություններ, որ կարողանաք խորացնել ձեր գիտելիքները և ձեռք բերել լրացուցիչ գիտելիքներ ու հմտություններ։ Դուք հնարավորություն կունենաք անվճար սովորելու օտար լեզուներ, մասնագիտական համապատասխան նախագծային ու հաշվարկային ծրագրեր, մասնակցելու ամառային դպրոցների, ուսանողների փոխանակման ծրագրերի արտասահմանում»: Պարոն Վարդանյանը վստահեցրեց, որ ուսանողական պարտավորությունները պատշաճ կատարելու դեպքում համալսարանը բոլոր առումներով միշտ կաջակցի իր ուսանողներին։

Հանդիպումն ավարտվեց հարց-պատասխաններով՝ սկսած ուսումնական, փոխանակման, ժամանցային ծրագրերից մինչև համալսարական կյանքին ինտեգրվելու հետաքրքիր առանձնահատկություններ։

14.10.22