Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի տոնակատարության շրջանակներում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվել է պաստառների մրցույթ՝ նվիրված պատերազմի տարիներին հայ ժողովրդի ցուցաբերած հերոսական սխրանքին։
Մրցույթը նախաձեռնել է Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը՝ «Ռուսական տան» (Ռոսսոտրուդնիչեստվո) և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աջակցությամբ։
Մրցույթի հիմնական նպատակն էր նպաստել պատմական հիշողության պահպանմանն ու սերունդների շրջանում ազգային հպարտության և երախտագիտության արժեհամակարգի ամրապնդմանը։ Մասնակիցներն իրենց ստեղծագործություններում արտահայտել են պատերազմի տարիների ոգին, հայ զինվորի սխրանքը և ազգային դիմադրության ուժը՝ շեշտադրելով մրցույթի հիմնական գաղափարները՝ «Հիշողությունը ժամանակից ուժեղ է» և «Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում»։
Մրցույթին մասնակցել են ՃՇՀԱՀ Դիզայնի բաժնի 13 ուսանողներ, ովքեր ներկայացրել են իրենց աշխատանքները թվային նկարազարդման ժանրում։ Մասնագիտական ժյուրիի քվեարկության արդյունքում եզրափակիչ փուլ են անցել համալսարանի ուսանողներ Անժելիկա Անդրեասյանի ,Սերյոժա Միքայելյանի, Մերի Մարգարյանի աշխատանքները:
Երեք հաղթողներն էլ կպարգևատրվեն մասնագիտական ուղևորությամբ դեպի Մոսկվա՝ մասնակցելու Սենեժի երիտասարդական ճամբարի ստեղծագործական ծրագրին։ Բացի այդ, հաղթող ուսանողները կստանան հուշանվերներ և պատվոգրեր։
Հաղթողների աշխատանքները ցուցադրվելու են 2025 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Հայաստանի բոլոր երկաթուղային կայարաններում և «Հարավկովկասյան երկաթուղու» գնացքներում՝ հասանելի դարձնելով երիտասարդների ստեղծագործ ոգին հանրությանը։
Մայիսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում մրցույթի լավագույն աշխատանքները կցուցադրվեն Երևանի Հյուսիսային պողոտայի մեծ էկրանին՝ երաժշտական ուղեկցությամբ, ինչը այս նախաձեռնությունը վերածում է արվեստի և հիշողության իսկական տոնակատարության։