(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ԹԱՎՐԻԶԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ

Օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան այցելեց Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզի Իսլամական արվեստի համալսարանի ռեկտոր, դոկտոր Սաջադ Փաքզադի ղեկավարած պատվիրակությունը, որի կազմում էին Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Ֆարհադ Ախունդին և ռեկտորի խորհրդական Սայեդ Քավեհը:

Պատվիրակության անդամները ՃՇՀԱՀ ղեկավարության ուղեկցությամբ շրջայց կատարեցին համալսարանի գիտահետազոտական լաբորատորիաներում և ճարտարապետական արվեստանոցներում:

Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում, որին ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանի գլխավորությամբ ներկա էին պրոռեկտորները, աշխատակազմի ղեկավարը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկանը, ամբիոնների վարիչները:

Հանդիպման հիմնական նպատակն էր ընդլայնել երկու համալսարանների միջև ակադեմիական կապերը, ստեղծել և իրականացնել համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր` Ճարտարապետական ժառանգության վերականգնման ոլորտում երկու բուհերի դիպլոմների շնորհմամբ, իրականացնել կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր:

Հիմնական քննարկումից զատ, երկու համալսարանների աշխատանքային խմբերը նախապատրաստեցին ստորագրմանը ներկայացվող համաձայնագիրը:

Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մեհդի Սոբհանին և դեսպանության ներկայացուցիչներ:

ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Մ. Բարսեղյանը ողջունելով հյուրերին շնորհակալություն հայտնեց նման կարևոր նախաձեռնությանն աջակցելու համար: Ռեկտորն իր խոսքում ընդգծեց, որ ՃՇՀԱՀ-ի և Թավրիզի Իսլամական արվեստի համալսարանի միջև համագործակցությունը հաստատվել է 2021թ.` «Կայուն ճարտարապետական ժառանգություն»  (Sustainable Architectural Heritage-SAH) ծրագրի շրջանակում: Նշվեց, որ ՃՇՀԱՀ-ում սովորել և սովորում են Իրանի քաղաքացիներ, որոնք ավարտելուց հետո իրենց մասնագիտությամբ աշխատանքի են անցնում թե’ Իրանում, թե’ Հայաստանում և թե’ արտերկրում: Այս համատեքստում չափազանց կարևորվեց ավարտական փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը: 

Եզրափակելով իր խոսքը, ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին և Իրանի բարեկամ ժողովրդին` հայկական ճարտարապետության և մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին ևս հանդես եկավ ողջույնի խոսքով, որում բարձր գնահատեց երկու համալսարանների միջև ձևավորված կայուն ակադեմիական համագործակցությունն ու իր աջակցությունը հայտնեց ծրագրի կայացմանը, երկու երկրներում տրվող ավարտական փաստաթղթերի փոխճանաչմանը: Դեսպանը կարևորեց գիտակրթական ոլորտում համագործակցության կարևորությունը, առանձնահատուկ նշելով նրա արդյունավետության դեպքում շարունակական լինելը: Դեսպանը անդրադարձավ հայ պատմաճարտարապետական ժառանգության պահպանությանը, որը գտնվում է Իրանի կառավարության մշտական ուշադրության կենտրոնում:

Թավրիզի Իսլամական արվեստի համալսարանի ռեկտոր, դոկտոր Սաջադ Փաքզադը ևս կարևորեց համաձայնագրի ստորագրումը:

ԻԻԱՀ ռեկտոր Փաքզադը և ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը տեսակապով զրույց ունեցան Իրանի Մեջլիսի գիտության, կրթության հանձնաժողովի նախագահի հետ, որի ընթացքում քննարկեցին մեր համալսարանի դիպլոմի ճանաչման վերաբերյալ հարցերը:      

Այցի ծրագրին համապատասխան, Իրանի Թավրիզի Իսլամական արվեստի համալսարանի պատվիրակության անդամներն այցելեցին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարան, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան:

19.09.24