Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը և «ԱԿՈՒՌԱՏ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության տնօրեն Արսեն Իոաննեսյանը, կարևորելով գործընկերության և համագործակցության դերը կրթության, ճարտարապետության, շինարարության, ֆինանսատնտեսագիտական ոլորտներում, կնքեցին համագործակցության հուշագիր: Հուշագրի շրջանակում նախատեսվում է համատեղ մշակել համալսարանի կողմից իրականացվող կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված առաջարկություններ, կրթական ծրագրերի մշակման ու իրականացման գործում, համալսարանի մասնագետներից բացի, ներգրավել նաև ընկերության առավել փորձառու աշխատողներին, կրթական ծրագրերով ուսումնառողների պրակտիկաները կազմակերպել և անցկացնել ընկերությունում, ինչպես նաև կազմակերպել և իրականացնել համատեղ գիտական հետազոտություններ, սեմինարներ, քննարկումներ:
Ընկերությունը կաջակցի նաև համալսարանի ուսանողներին կրթաթոշակների և այլ ձևերով, իսկ համալսարանի շրջանավարտներին՝ աշխատանքի ձեռքբերման հարցում: Ըստ նախապես համաձայնեցված ժամանակացույցի՝ ընկերությունը կկազմակերպի բաց դռների օր համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար` ընկերության կողմից կատարվող աշխատանքները ներկայացնելու նպատակով: Ինչպես իր խոսքում նշեց ՃՇՀԱՀ ռեկտոր Ե. Վարդանյանը, ողջունում է համագործակցությունը և պատրաստակամություն հայտնում համալսարանի լաբորատոր բազան օգտագործելու՝ համատեղ պրակտիկաներ անցկացնելու, այլ ծրագրեր կազմակերպելու և ուսանողներին դեպի աշխատաշուկա ուղղորդելու համար: Ընկերության տնօրեն Արսեն Իոաննեսյանը, համալսարան-աշխատաշուկա կապը կարևորելով, վստահեցրեց, որ ամեն ինչ կանեն ոլորտում մասնագետների կայացման համար, քանի որ համալսարանն ունի հագեցած ու ժամանակակից լաբորատորիաներ ու սարքավորումներ, ինչը կարևոր նախապայման է փորձառու ու ժամանակին համապաստասխան մասնագետներ պատրաստելու համար:
Այս համագործակցությունը նպատակաուղղված է ինչպես կրթական ծրագրերի կատարելագործմանը, այնպես էլ համագործակցության առավել արդյունավետ ձևաչափերի մշակմանը: