(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ BIM ՕՐԵՐԸ

Համալսարանում BIM  օրերի մեկնարկը տրված է:  Շինությունների տեղեկատվական մոդելավորմանը (BIM) վերաբերող  միջոցառումների շրջանակում «Կրթական գործընթացների բարելավում շինությունների տեղեկատվական մոդելավորման (ՇՏՄ/BIM) թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով» նախագիծն իրականացնելու նպատակով դեկտեմբերի 15-ից 21-ը համալսարանում է  Իսպանիայի Universidade Laboral համալսարանի դասախոս պարոն Խոսե Լուիս Վազքես Օտերոյին:

Ներկաներին ողջունեց Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ․Եդոյանը՝ նշելով, որ ՖՀԳ ԿԱԵ կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթին համալսարանը ներկայացրեց BIM փորձագետ հրավիրելու հայտ, իսկ այսօր արդեն համալսարանում է BIM փորձագետը: Վ․Եդոյանը ներկայացրեց BIM համակարգը, վերջինիս առանձնահատկությունները, ինչպես նաև տվյալ համակարգը դասավանդման գործընթացում ներդնելու համար անհրաժեշտ գործիքակազմը, պահանջվող գործընթացները։  Հատուկ շնորհակալություն հայտնեց նաև Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Հայաստանի ազգային գրասենյակի պատասխանատու, Երևանի զբաղվածության ֆրանկոֆոն կենտրոնի պատասխանատու Ռուզաննա Ղալթախչյանին՝ համալսարանին մշտապես ցուցաբերվող աջակցության համար։ Տիկին Ղալթախչյանը իր հերթին շնորհավորեց դրամաշնորհը հաղթելու կապացությամբ, շնորհակալություն հայտնեց, ծրագիրն իրականություն դարձնելու գործընթացում, գործուն մասնակցություն ցուցաբերած աշխատակիցներին, ինչպես նաև ներկաներին՝ հետաքրքրվածության ու մասնակցության համար։

Որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վ․ Հովհաննիսյանը ներկայացրեց իսպանացի փորձագետին՝ Խոսե Լուիս Վազքես Օտերոյին, ընդգծելով, որ վերջինս ակտիվ մասնակցություն է ունեցել  BIM ծրագիր Իսպանիայում ներդնելու գործում, ինչպես նաև կարևորելով նրա փորձը վերոնշյալ ծրագիրը կրթական ծրագրերում ներդնելու գործում։ Վերջինս ընդգծեց, որ BIM համակարգի մասնագիտական ծրագրը նախատեսվում է ներդնել բակալավրիատի կրթական ծրագրերում, իսկ հետագայում նաև շարունակական կրթության աստիճանակարգերում։

Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ․ Բարսեղյանն էլ իր խոսքում հույս հայտնեց, որ BIM ծրագիրը համալսարանի կրթական ծրագրերում ներդնելուց հետո կկիրառվի նաև հետազոտության ոլորտում։

Խոսե Լուիս Վազքես Օտերոն շնորհակալություն հայտնեց ընձեռված հնարավորության ու վստահության համար, ներկայացրեց ոլորտում իր կողմից ծավալված գործունեությունն ու իրականացված ծրագրերը, հավելեց, որ BIM ոլորտի մասնագետները բաժանվում են 4 մակարդակի՝ համակարգող,  մասնագետ,  փորձագետ և մենեջեր։

Փորձագետն ընդգծեց, որ ինքը մասնագիտությամբ ինժեներ–նախագծող է, իսկ BIM համակարգը սկսել է ուսումնասիրել՝ իր մասնագիտական կարիերան առաջ մղելու համար։ Նա նշեց, որ BIM–ի կիրառման համար անհրաժեշտ է տիրապետել ոչ միայն տեխնոլոգիաներին, այլ նաև իմանալ, թե ինչպես պետք է իրականացնել մոդելավորում։ Ըստ վերջինիս ներակայացրած գրաֆիկի՝ ամենաքիչ թվայնացված ոլորտներն են շինարարությունը և գյուղատնտեսությունը, իսկ առավել թվայնացված է էներգետիկայի ոլորտը։ Գրաֆիկի միջոցով ցույց տրվեց առարկաների և մասնագիտացումների կապը BIM–ի կիրառման չափելիության տեսանկյունից, ինչպես նաև ներկայացրեց BIM հարթակները, որոնք կիրառվում են տարբեր երկրներում։  Փորձագետն ընդգծեց, որ Իսպանիայում BIM ներդրումն իրականացվում է կառավարական մակարդակով։

Այնուհետև ծավալվեց ակտիվ մասնագիտական քննարկում, որն իր շարունակությունը կունենա ծրագրի հաջորդ աշախտանքայի օրերի ընթացքում։

Առաջիկա օրերին կայանալիք միջացառումները.

  • դեկտեմբերի 16 – հանդիպում ՃՇՀԱՀ-ի Շինարարության ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ 2023 սրահում ՝ ժամը 10:00-13:00
  • դեկտեմբերի 19 – հանդիպում ՃՇՀԱՀ-ի Ճարտարապետության ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ 2021 սրահում ՝ ժամը 10:00-13:00
  • դեկտեմբերի 20 – հանդիպում ՃՇՀԱՀ-ի Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ 2021 սրահում՝ ժամը 10:00-12:00
  • դեկտեմբերի 21 – հանդիպում ՃՇՀԱՀ-ի Դիզայնի ու Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետների դասախոսների և ուսանողների հետ 2021 սրահում՝ ժամը 10:00-13:00

Վերապատրաստման դասընթացների լեզուն անգլերեն է՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ:

 

15.12.22