Օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կայացավ ռեկտոր Մանուկ Բարսեղյանի և Ուսանողական խորհրդի նախագահական կազմի հանդիպումը։ Հանդիպման նպատակն էր քննարկել ՈւԽ-ի գործունեությունը, ծրագրերը և համալսարանական կյանքի բարելավմանն ուղղված առաջնահերթությունները։
Հանդիպման ընթացքում ռեկտոր Մանուկ Բարսեղյանը կարևորեց կրթական միջավայրի բարելավման անհրաժեշտությունը՝ ընդգծելով ուսանողների գիտելիքների խորացմանն ու մասնագիտական աճին աջակցելու կարևորությունը։
«Կրթական միջավայրը չափազանց կարևոր է, և մենք պարտավոր ենք ապահովել այն մեր ուսանողների համար, որոնք հանդիսանում են համալսարանի կարևոր արժեք։ Այս ուղղությամբ մենք աշխատելու ենք ամենօրյա ռեժիմով՝ լուծելով բոլոր խնդիրները և ստեղծելով հնարավոր լավագույն պայմանները կրթության և ինքնազարգացման համար»,- նշեց Մանուկ Բարսեղյանը։
Այնուհետև ՈւԽ նախագահ Կառլեն Քաշանյանը ներկայացրեց Ուսանողական խորհրդի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը՝ ընդգծելով ուսանողների շահերի պաշտպանության, կրթական ծրագրերի բարելավման և համալսարանական կյանքի ակտիվացման ուղղությամբ կատարվող քայլերը։
Հանդիպմանը ներկա էին նաև Ուսումնական գծով պրոռեկտոր Ռոբերտ Սուքիասյանը, Գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի պ/կ Սարգիս Թովմասյանը և ռեկտորի խորհրդական Արման Առաքելյանը, ովքեր ևս հանդես եկան առաջարկություններով՝ կարևորելով ուսանողության ներգրավվածությունը համալսարանական գործընթացներում։
Հանդիպումն անցկացվեց հարցուպատասխանի ձևաչափով, որտեղ ուսանողները հնարավորություն ունեցան բարձրացնելու իրենց հուզող հարցերը, ներկայացնելու առաջարկներ և ստանալու սպառիչ պատասխաններ։
Այսպիսի բաց և անկեղծ հանդիպումները նպաստում են համալսարանի ղեկավարության և ուսանողների միջև տարածակցական կապի ամրապնդմանը, ինչպես նաև կրթական միջավայրի շարունակական զարգացմանը։ ՃՇՀԱՀ-ն հավատարիմ է իր որդեգրած սկզբունքներին՝ աջակցելով ուսանողության նախաձեռնություններին և ապահովելով որակյալ կրթություն և ինքնադրսևորման լայն հնարավորություններ։