Օրերս համալսարանի Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի աշխատակիցները այցելեցին ՃՇՀԱՀ ավագ դպրոց, հանդիպեցին աշակերտների հետ՝ ՃՇՀԱՀ-ում իրականացվող բարձրագույն կրթության գործընթացը ներկայացնելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցում էին ավելի քան 20 ճարտարապետության և դիզայներական հոսքերի աշակերտներ։ Ռազմավարական պլանավորման և որակի ապահովման բաժնի ղեկավար Իրինա Վանյանը ներկայացրեց ՃՇՀԱՀ-ի ստեղծման պատմությունը, համալսարանի ներքո գործող ֆակուլտետների, առաջարկվող կրթական ծրագրերի, ժամանակակից սարքավորումներով հագեցած գործող և նորաստեղծ լաբորատորիաների, ուսանողական կյանքի մասին, ինչպես նաև կազմակերպվող հայրենական և օտարերկրյա ցուցահանդեսներին, գիտական և մշակութային ֆորումներին, կոնֆերանսներին, մրցթույթներին ՃՇՀԱՀ-ի ուսանողների մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը։
Հանդիպման ընթացքում իրականացվեց բաց դաս «Ձեռագործ տիկնիկը որպես ինտերիերի դիզայնի տարր» թեմայով։ Տիկին Վանյանը ներկայացրեց ձեռագործ տիկնիկի ծագման համառոտ ակնարկ, դեկորատիվ տիկնիկի կիրառման ուղղությունները և դրանց ոճերի տարատեսակները, ինչպես նաև դեկորատիվ տիկնիկի ինտերիերի դիզայնի տարբեր ոճերին ինտեգրման հնարավորությունները։ Ներկայացված Իրինա Վանյանի տարբեր ոճերի (էթնիկ, ֆենտեզի, ավանգարդ, ոճավորված XVIII-XVIX դարերի, էկո ոճի) դեկորատիվ տիկնիկների և համապատասխան դիդակտիկ նյութերի կիրառմամբ՝ աշակերտները կատարեցին տեսական նյութի հետ կապված գործնական առաջադրանքներ, ինչպես նաև մասնակցեցին ավանգարդային մինիմալիզացված ոճի դեկորատիվ տիկնիկի կերպարի ստեղծմանը նվիրված վարպետաց դասին։ Տրամադրված սահմանափակ նյութերի (արտ օբյեկտի կմաղք, գունավոր թուղթ, երկու տեսակի սոսինձ, մկրատ, սկոտչ) կիրառմամբ փոքր խմբերի բաժանված աշակերտները կատարեցին իրենց առջև դրված խնդիրը։ Հանդիպումը ավարտվեց տիկին Վանյանի տարբեր ոճերի ձեռագործ տիկնիկների վիճակահանությամբ, որի շնորհիվ բոլոր մասնակիցները ստացան դեկորատիվ հեղինակային տիկնիկ։