(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը: Նիստի ընթացքում ռեկտոր Եղիազար Վարդանյանը հպարտությամբ նշեց, որ հետաքրքիր ավանդույթ է ձևավորվում և հերթական ռեկտորատի նիստը պետք է մեկնակրկի մեր համալսարանականների հաջողություններով և գնահատանքի խոսքերով։

Սկզբում պարոն Վարդանյանը համալսարանի անունից շնորհակալագիր հանձնեց Տեսական մեխանիկայի և նյութերի դիմադրության ամբիոնի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ջուլիետա Մուրադյանին՝ համալսարանում երկարամյա արդյունավետ աշխատանքի, երիտասարդ մասնագետների պատրաստման ու գիտամանկավարժական բարեխիղճ գործունեության համար: Ինչպես նշեց պարոն Վարդանյանը տիկին Մուրադյանը որոշում է կայացրել ավարտել իր դասախոսական գործունեությունը: Նա տասնյակ տարիներ աշխատել է համալսարանում, ունի մի շարք հրատարակված գիտական հոդվածներ և 4 մեթոդական, կրթել ու դաստիարակել է բազում սերունդներ և պատվով կատարել իր աշխատանքը, որի համար կրկին հայտնեց շնորհակալությունը համալսարանի ողջ անձնակազմի անունից: Տիկին Մուրադյանը իր շնորհակալական խոսքում ասաց, որ համալսարանը դարձել է իր երկրորդ տունը։ Հիշեց, որ երբ ընդունվում էր աշխատանքի ամբիոնի ամենակրտսեր աշխատակիցն էր, իսկ ահա այսօր 65 տարի անց՝ ամենաավագն է։ Նա շնորհակալություն հայտնելով ողջ կոլեկտիվին առանձնահատուկ կերպով առանձնացրեց ամբիոնի ու համալսարանի ղեկավարությանը՝ իր աշխատանքը միշտ գնահատելու և արժանին մատուցելու համար։

Հաջորդիվ ռեկտորը շնորհավորեց Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան, Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարինե Գրիգորյանին։ Մարինե Գրիգորյանի հոդվածը Ղազախստանի Հանրապետության կրթության, գիտության նախարարության և Երիտասարդ գիտնականների միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված մրցույթում ընտրված 100 հոդվածներից, զբաղեցրել է առաջին հորիզոնականը և արժանացել առաջին կարգի մրցանակի ԱՊՀ երկրների շարքում գիտակրթական բնագավառի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ոլորտում ճանաչվելով 2022 թվականի լավագույն դասախոս:

«Տիկին Գրիգորյանը երիտասարդ, աշխատասեր և իր գործի նվիրյալ է և ուրախ եմ, որ բացի իր աշխատանքը բարեխիղճ կատարելուց նաև կարողանում է իրեն դրսևորել նման կարևոր հարթակներում»-նշեց ռեկտորը։

Տիկին Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին, նշեց, որ սիրով է կատարում իր աշխատանքը և հպարտ է, որ կարողանում է իր համեստ ներդրումը ունենալ համալսարանի վարկանիշի և զարգացման գործում, վստահեցնելով, որ նման ուշադրությունը ավելի է ոգևորում և պարտավորեցնում։

17.02.23