ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի առաջարկով համալսարանում տեղի ունեցավ հանդիպում՝ ՃՇՀԱՀ-ի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի, ՀՀ կադաստրային կոմիտեի, ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի միջև:
Հանդիպմանը ներկա էին՝ ՃՇՀԱՀ ղեկավարությունը ի դեմս ռեկտոր տ.գ.դ., պրոֆեսոր Ե. Վարդանյանի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Սոս Մարգարյանը, ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը և ՀՀ կադաստրի կոմիտեի վերահսկողության վարչության պետ Արթուր Ստեփանյանը: Հանդիպման թեման էր Իրանի երկրաշարժագիտության ու սեյսմիկ ճարտարագիտության միջազգային ինստիտուտի (International Institute of Earthquake Engineering and Seismology, IIEES) հետ համագործակցության հարցը: Կողմերը ներկայացրին և քննարկեցին իրենց առաջարկները՝ ուրվագծելով համագործակցության հնարավոր ուղիները.
Համալսարանը հանդես եկավ որպես նախաձեռնող կողմ: Առաջին անգամ մասնագիտական բոլոր կողմերի ներկայացուցիչները, հավաքվելով մի սեղանի շուրջ, սկիզբ դրեցին կարևոր համագործակցության, որը պարոն Վարդանյանի առաջարկով կամրագրվի նաև հուշագրի ստորագրմամբ:
Ռեկտորն իր խոսքում նշեց որ շատ կարևոր համագործակցություն են սկսում, և բուհը պատրաստ է իր ողջ ներուժը օգտագործել՝ արդյունքի հասնելու համար: Կողմերը պայմանավորվեցին իրենց առաջարկությունները հավաքագրել, առաջիկայում առցանց հանդիպում կազմակերպել Իրանի երկրաշարժագիտության ու սեյսմիկ ճարտարագիտության միջազգային ինստիտուտի հետ, որին էլ կհաջորդի հուշագրի ստորագրումը: