Օրերս Երևանի թիվ 122 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ՃՇՀԱՀ-ի և Տավուշի մարզի երկու գործընկեր դպրոցների՝ Դիլիջանի և Մ. Սաղումյանի անվան Բերդի ավագ դպրոցների միջև ՃՇՀԱՀ-ի կողմից հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տրամադրած կրեդիտների ճանաչման մասին համագործակցության պայմանագրի կնքման արարողությունը։
Արարողությանը ներկա էին ՃՇՀԱՀ ուսումնական գծով պրոռեկտոր Ռոբերտ Սուքիասյանը, Աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը և Որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Անի Հակոբյանը: Պարոն Սուքիասյանը ողջունելով ներկաներին նշեց. «Գրեթե մեկ տարի մասնագետները ծավալուն աշխատանք են կատարել ու քննարկել ամենատարբեր հարցեր ու գտել պատասխանները, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ԿԶՆԱԿ-ի ողջ անձնակազմին և դպրոցների տնօրեններին, որոնք ջանասիրարաբար համագործակցում էին մեզ հետ և պատասխանում մեր հարցերին անգամ ոչ աշխատանքային օրերին: Այս ամենի արդյունքում մենք այսօր ունենք արդեն ձևավորված պայմանագրային դրույթները: Վստահ եմ, որ համակարգի ներդրումը իր դրական ազդեցությունը կունենա ապահովելու աշակերտների էլ ավելի ներգարվմանը բուհական համակարգում: 3 տարի հետո ամփոփելով մեկ հարցի պատասխան կստանանք. այն է, որ մարզային շրջանանավարտների ընդգրկվածությունը բուհական համակարգ առավել ընդլայնվել է ու շարունակում է ընդլայնվել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև այն դպրոցներին, որոնք պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու համալսարանի հետ, և, կարծում եմ, մեր երկուստեք պատրաստակամությունը և մոտիվացված աշակերտների առկայությունը մեզ կբերեն հաջողության»:
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 27-ի «Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգը սահմանելու մասին» թիվ 39-Ն հրամանի հիման վրա Տավուշի մարզի ավագ դպրոցներում և Երևան քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ստորաբաժանումներում (ավագ դպրոցներում) կրեդիտային համակարգը փորձարկվում է որպես ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգ։