(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿՆՔՎԵՑ ՀՈՒՇԱԳԻՐ «ԵՐԵՎԱՆՆԱԽԱԳԻԾ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունը, կարևորելով գործընկերության և համագործակցության դերը ուսանողների կրթության, մասնագիտացման ոլորտում և գործարար մակարդակում դրանց կիրառման գործընթացներում կնքեցին հուշագիր:

Ըստ հուշագրի կողմերը պարտավորվում են ցուցաբերել մասնագիտական աջակցություն և համատեղ իրականացնել Երևան քաղաքի գլխավոր հատակագծի մշակման և այլ բնույթի աշխատանքներ, ինչպես նաև համատեղ իրականացնել բաց դասեր, սեմինարներ և մասնագիտական քննարկումներ:

Հուշագրի կնքման արարողության ընթացքում ռեկտոր Եղիազար Վարդանյանը նշեց. «Շատ կարևոր եմ համարում այս հուշագրի ստորագրումը, քանի որ համալսարանն ու «Երևաննախագիծ»-ը ավանդաբար միշտ ունեցել են այդ օրգանական կապը: Շատ կարևոր է նաև վերականգնել այն ավանդույթները, երբ մեր ուսանողները պրակտիկա էին իրականացնում «Երևաննախագիծ»-ում՝ ներգրավվելով տարբեր նախագծային աշխատանքներում, ինչպես նաև ընկերության փորձառու աշխատակիցների և անդամների դասապրոցեսի ներգավվումը ՃՇՀԱՀ-ում: Համալսարանը այս պահի դրությամբ հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով և սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են մասնագիտական ծրագրային, հաշվարկային նախագծեր իրականացնելու համար: Համալսարանը պատրաստակամ է իր հերթին անել առավելագույնը՝ համագործակցությունը ամրապնդելու համար»:

«Երևաննախագիծ» ընկերության տնօրեն Անդրանիկ Սեդոյանը իր հերթին կարևորելով հուշագրի կնքումը, նշեց, որ իրենց համար ևս շատ կարևոր էր վերականգնել համագործակցությունը՝ այս անգամ ներգրավվելով նոր ներուժ, նոր սերունդ, նոր աշխատակիցներ, իհարկե, ընդգրկելով նաև փորձառուներին և արհեստավարժներին: Պարոն Սեդոյանը հավելեց. «Մենք ուսանողների համար կկազմակերպենք հանդիպումներ տարբեր ոլորտներում կայացած հաջողակ գործարարների հետ՝ իրենց անձնական փորձը ուսանողներին ներկայացնելու նպատակով, ինչպես նաև թեստավորման և հարցազրույցների արդյունքում լավագույն ուսանողներին կապահովենք աշխատանքով՝ մեր կամ մեր աջակցությամբ գործընկերների մոտ։

Համալսարանը ինձ համար հարազատ վայր է, քանի որ ես ևս ՃՇՀԱՀ-ի շրջանավարտ եմ և վստահ եմ, որ համագործակցությունը արդյունավետ և երկարատև կլինի»:

29.01.24