(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՀՀ ԳԱԱ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՍԵՐԳԵՅ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ 

Օգոստոսի 4-ին, իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից, պետական և հասարակական գործիչ Սերգեյ Համբարձումյանը:

Գիտնականը 97 տարեկան էր։     

 Սերգեյ Համբարձումյանի առաջին իսկ աշխատանքները գրավել են համաշխարհային գիտական հասարակության ուշադրությունը՝ հիմք հանդիսանալով Մեխանիկայի հայկական դպրոցի միջազգային ճանաչման համար: Ակադեմիկոս Համբարձումյանի գիտական հետազոտությունների հիմնական բնագավառը դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկան է, որտեղ նա գիտական մի շարք նոր ուղղությունների հիմնադիրներից մեկն է: Նրա կողմից ստեղծվել է անիզոտրոպ շերտավոր թաղանթների տեսությունը, որի հիման վրա լուծվել են հույժ կարևոր խնդիրներ թռչող սարքերի և բարակապատ կառուցվածքների հաշվարկների և նախագծման վերաբերյալ: Սերգեյ Համբարձումյանի կողմից առաջարկվել են սալերի և թաղանթների ճշգրտված տեսություններ, որոնք օգնել են նոր տեսանկյունից դիտարկելու ժամանակակից կոմպոզիցիոն նյութերից պատրաստված բարակապատ համակարգերի հաշվարկի պրոբլեմները և խթանել են տեսական խորը հետազոտություններ: Ակադեմիկոս Համբարձումյանի և նրա աշակերտների կողմից առաջին անգամ մշակվել է բարակ մարմինների մագնիսաառաձգականության տեսությունը:

Հիմնարար մեծ նշանակություն ունեն Սերգեյ Համբարձումյանի կողմից ստացված արդյունքները դեֆորմացվող մարմնի ոչ գծային, ջերմային և այլ հույժ կարևոր պրոբլեմների լուծման բնագավառներում: Սերգեյ Համբարձումյանը դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում և Երևանի պետական համալսարանում։ Նրա գիտական ղեկավարությամբ ավելի քան 50 երիտասարդ գիտնական պաշտպանել է դոկտորական ու թեկնածուական թեզ։ 1977-1991 թթ. Սերգեյ Համբարձումյանը եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտորը։ Սերգեյ Համբարձումյանը հսկայական դեր է ունեցել Հայաստանի հասարակական կյանքում։ 1975-1980թթ. հանդիսանալով Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր ու նախագահ, իսկ 1979-1992թթ.՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1989 թվականից՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անդամ՝ նա միշտ անզիջում պաշտպանում էր Հայաստանի շահերը: Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի վաստակը բարձր է գնահատվել: ԽՍՀՄ կառավարության կողմից նա արժանա­ցել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Սերգեյ Վավիլովի անվան, Հոկտեմբերյան հեղափոխության, Պատվո նշան շքանշանների:

Պարգևատրվել է Սուրբ Սահակի և Սուրբ Մեսրոպի, Յան Կամենսկու շքանշաններով, «Աշխատանքային արիության համար», «Խաղաղության մարտիկ», «Բարեկամություն», Երևանի պետական համալսարանի, Մոնպելեի համալսարանի, Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի մեդալներով: ՌԴ նախագահի հրամանագրով Սերգեյ Համբարձումյանը պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով, ՀՀ նախագահի հրամանագրով` «Տիգրան Մեծ» շքանշանով:

Ճանաչված պետական գորչի, գիտնականի ու քաղաքացու ազնիվ և պայծառ կերպարը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ:

    Սերգեյ Համբարձումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին` ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 7-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից:

 

06.08.18