ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Գործընկերները խորը վշտով են արձանագրում նրա մահը. ասում են՝ պարոն Արզումանյանը ոչ միայն եզակի մասնագետ էր, այլ նաև՝ անփոխարինելի մարդ ու ընկեր:
Այսօր կյանքի 68-րդ տարում մահացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արտավազդ Արզումանյանը: Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետում յուրացնելով «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» մասնագիտությունը, որպես ասպիրանտ, նա ուսումը շարունակել է Մոսկվայի Պետշինի «Բետոնի և երկաթբետոնի գիտահետազոտական ինստիտուտում: Երկար տարիներ իր մասնագիտական գիտելիքներով ու կարողություններով անգնահատելի ներդրում է ունեցել նախկին «ճարտարապետության և շինարարության Հայկական գիտահետազոտական ինստիտուտում (ՀՀ Քաղաքաշինության նախարարության «Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման Հայկական գիտահետազոտական ինստիտուտ)՝ որպես գիտական աշխատող, գիտահետազոտական սեկտորի վարիչ, գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ապա՝ ինստիտուտի գիտական տնօրեն:
Լինելով շինարար-ինժեներ՝ Արտավազդ Արզումանյանը ընդգծված հետաքրքրությամբ և գիտնականին հատուկ խորաթափանցությամբ ուսումնասիրում էր նյութը: «Երբ կոնստրուկցիայի մեջ խորացա, հասկացա, որ նյութից պետք է սկսել»,- իր ավագ գործընկերոջը հիշում է համալսարանի Շինարարության ֆակուլտետի դեկան Դավիթ Գրիգորյանը: Նա ցավով է փաստում, որ Արզումանյանի՝ որպես մասնագետ տեղը դեռ երկար բաց է մնալու, քանզի նա անփոխարինելի էր շենքերի տեխնիկական վիճակի հետազննման, փորձաքննության, ուժեղացման, ուսումնասիրման, վերակառուցման ոլորտներում. «Պիտի ֆիքսենք, որ, այո, պարոն Արզումանյանի մակարդակի մասնագետ այս ոլորտում մենք չունենք»:
Արտավազդ Արզումանյանը եզակի էր ոչ միայն որպես մասնագետ, այլ նաև օժտված էր մարդկային ամենաբարձր և ազնիվ որակներով: Դոցենտ Մարիա Բադալյանը պատմում է, պարոն Արզումանյանը հոգատար և ուշադիր էր յուրաքանչյուր աշխատակցի նկատմամբ, գիտեր նրանց տարեդարձերը, բոլորին վարակում էր իր հանգստությամբ և աշխատանքի նկատմամբ իր մեծ սիրով.
«Հանգի՞ստ. դա պարոն Արզումանյանի համար չէր: Նա աշխատում էր օրը 14-16 ժամ, նույնիսկ, երբ վատառողջ էր»,- նշում է տիկին Բադալյանը և հիշում մի դեպք, երբ բժշկի գնալու միտքն անդադար վանելուց հետո, ինքն անձամբ է բժշկին կանչել ամբիոն, որպեսզի հետազոտի Արզումանյանին:
Արտավազդ Արզումանյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում վերակառուցման և ուժեղացման բազմաթիվ նախագծեր է իրականացրել բնակելի, հասարակական նոր շենքերի, արտադրական, տրանսպորտային ու հոգևոր գործառնական նշանակության, սեյսմիկ և այլ բնական ու տեխնածին ազդեցություններից վնասված կառույցների համար, ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Ռուսաստանում, Հնդկաստանում, Իրանում, Վրաստանում: Ղեկավարի կարգավիճակով մասնակից եղել շինարարական կոնստրուկցիաների, շինարարական նյութերի ու տեխնոլոգիաների բնագավառում մի շարք գիտահետազոտական աշխատանքների կատարմանը, նաև՝ հանրապետական նորմատիվահրահանգչական փաստաթղթերի մշակմանը:
Այսպիսին էր Նա՝ իր գործի գիտակ, բացառիկ մարդ ու մասնագետ Արտավազդ Արզումանյանը: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ողջ անձնակազմն իր ցավակցություններն է հայտնում պարոն Արզումանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին և ընկերներին:
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին ժամը 18:00-ին Քանաքեռ թաղամասի Սուրբ Հակոբ եկեղեցում: