(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Սիրելի´ շրջանավարտներ, ողջունում եմ և շնորհավորում բոլորիս։ Արդեն ավանդույթ դարձած խորհրդանշական այս վայրում անցկացվող միջոցառումը բազում խորհուրդներ է բովանդակում, խորագիրն էլ ակնհայտ է։ Մուտքը դեպի համալսարան, ուսումնառությունն ու համալսարանի շրջանավարտ դառնալը մեկը մյուսի շարունակությունն են։ Կանցնեն տարիներ, և այսօրվա առաջինկուրսեցիները կդառնան շրջանավարտներ: Շնորհավորում եմ, սիրելի՛ ուսանողներ ու գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս, որովհետև բոլորս էլ, ի վերջո, քաջ գիտակցում ենք՝ կրթությունն է այն բանալին, որով պետք է բացենք դեռ փակ դռները և հարթենք դեպի բարգավաճում տանող ուղիները։ Բարձրագույն կրթության ոլորտում հստակ նախանշել ենք մեր անելիքները, որոնք դյուրին չեն, բայց միասին պետք է հաղթահարենք և կերտենք մեր ապագան: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն իր ուրույն ու առանձնահատուկ տեղն ունի մեր համալսարանական ընտանիքում ու ՀՀ պետական բուհերի շարքում։ Շնորհավորում եմ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին․ այս ամենը ձեր որդեգրած քաղաքականության արդյունքն է: Համալսարանն այսօր աչքի է ընկնում իր կրթական ծրագրերով, առողջ մրցակցությամբ, լավ արդյունքներով, բանիմաց մասնագետներով, որոնք մեծ պահանջարկ ունեն ներկայումս, երբ իրագործվում են շինարարական մեծ ծրագրեր, լուծվում նախագծերին առնչվող որակական բազում խնդիրներ։ Ձեզ նման մասնագետների շնորհիվ է այդ բացը լրացվում։ Շնորհակալ եմ ձեզ կատարած աշխատանքի համար։ Այսօրվա շրջանավարտները վաղվա մեր նախագծողներն են, շինարարները, դիզայներները, որոնց համար մեր երկրում գործունեության ասպարեզ ու աշխատանք կա, և ես լիահույս եմ, որ մենք կտեսնենք ձեր աշխատանքի արդյունքները։ Այս բարեփոխումների շարքում միասին կքայլենք առաջ՝ ամեն ջանք գործադրելով, որ մեր բուհերը դառնան համաշխարհային համալսարանական ընտանիքի լիիրավ անդամ: Մենք ունենք բազում անելիքներ, որոնց մասնակից պիտի դառնան մեր շրջանավարտներն ու ուսանողները։ Միասին քայլենք առաջ՝ ամրագրելով նոր ձեռքբերումներ ու հաջողություններ։ Շնորհավորում եմ բոլորիս։ Առո՛ղջ եղեք:

28.08.22